
Ճապոնիայի կառավարությունը դեկտեմբերի 26-ին հայտարարել է Կետորսության միջազգային հանձնաժողովից դուրս գալու մասին՝ դրանց առեւտրային որսն արդեն եկող տարվա հուլիսին վերսկսելու համար: Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:
«Մեր երկիրը հանձնաժողովի շրջանակներում կետորսության շուրջ երկխոսությանն անկեղծորեն մասնակցել է ավելի քան 30 տարի: Լիովին հաստատված գիտական տվյալներ կան կետերի բավականաչափ քանակության մասին: Սակայն որոշ երկրներ անտեսում են դրանք և դիրքորոշումների մերձեցման պատրաստակամություն չեն դրսեւորում: Ուստի մենք որոշեցինք դուրս գալ հանձնաժողովից, բայց աջակցություն ցույց կտանք ծովային պաշարների վերահսկողության միջազգային ջանքերին»,- ասել է Յոսիհիդե Սուգան: