Չորս մարդ է տուժել դեկտեմբերի լույս 26-ի գիշերը Սիցիլիայի Կատանիա քաղաքի մերձակայքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, վնասվել է մի քանի տուն: Այդ մասին հայտնել է La Sicilia տեղական հրատարակությունը:
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ 4,9 մագնիտուդով երկրաշարժը տեղական ժամանակով ժամը 03:19-ին (Երևանի ժամանակով ժամը 06:19-ին) տեղի է ունեցել սիցիլիական Կատանիա նավահանգստից 15 կիլոմետր արևելք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը 10 կիլոմետր խորության վրա էր:
Ինչպես հաղորդում է հրատարակությունը, երկրաշարժի հետևանքով թեթև վնասվածքներ է ստացել չորս մարդ:
Repubblica թերթի տվյալներով՝ երկրաշարժն առավել մեծ չափով վնասել է Կատանիայի Ֆլերի օկրուգը: Սանտա-Վեներինա օկրուգում թափվել է Սանտա Մարիա դել Կարմելո գլխավոր եկեղեցու սվաղը: Ավերածություններ են գրանցվել նաև Ձաֆերանա-Էտնեա կոմունայում: Հրատարակության տվյալներով՝ Կատանիա-Մեսինա A18 ավտոճանապարհին երթևեկությունը դադարեցված է անվտանգության նկատառումներով:
Ավելի վաղ Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի (Ingv) սիցիլիական կենտրոնի մասնագետները գրանցել են Էտնա հրաբխի ակտիվության նոր ուժեղացում: Սեյսմոլոգները տարբեր ուժգնության ավելի քան 150 ստորգետնյա ցնցում են գրանցել նշանավոր հրաբխի գոտում, որը գտնվում է իտալական Սիցիլիա կղզու արևելյան ափին՝ Կատանիա քաղաքի մերձակայքում: