Որկրամոլության փառատոն, հանգիստ, թե փախուստ. ինչո՞ւ են մարդիկ Ամանորը դրսում դիմավորում. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Որկրամոլության փառատոն, հանգիստ, թե փախուստ. ինչո՞ւ են մարդիկ Ամանորը դրսում դիմավորում. armeniasputnik.am

Հայաստանյան Նոր տարին հաճախ «ծանր բեռ» է դառնում, այդ պատճառով արտասահման գնալ ցանկացողների թիվը ավելանում է։

Տոներին մի տեղ փախչելու միտքն ավելի ու ավելի շատ մարդկանց է գրավում։ Մանկության հաճելի և ուրախ տոնը հասուն մարդկանց այլևս այդքան ուրախ չի թվում։

Հայաստանում ընդունված է մեծ շուքով նշել Նոր տարին։ Շատերը պարզապես ստիպված են այդպես անել, հակառակ դեպքում «մարդիկ չեն հասկանա»։ Այն մարդիկ, որոնք չեն հասկանա, նույն բանն են անում, քանի որ էլի ինչ-որ մեկը չի հասկանա։ Ահա այսպիսի անելանելի վիճակ։

Հասկանալի է` ծախսերը շատ են, հոգսերը` ևս, երբեմն ստիպված վարկեր են ձևակերպում և այլն (ամեն մեկը լուծման  իր տարբերակն ունի)։

Ու բոլորը չեն, որ սիրում են Ամանորը, որը վաղուց վերածվել է ուտելու, հարբեցողության ու հեռավոր և ոչ շատ հարազատ բարեկամների այցելությունների տոնի, որոնք միշտ չէ, որ սպասված են ու ցանկալի։ Տոնը վերածվում է «համապատասխանելու», հյուրերին գոհացնելու ու խայտառակ չլինելու փորձի։

Հենց այս պատճառով տարեցտարի ավելանում է այն մարդկանց թիվը, որ փորձում են խուսափել այդ վազվզոցից, այլ երկրում «թաքնվել» մինչև տոնն անցնի, որպեսզի գործի ու գլխացավի փոխարեն հաճելի ժամանց անցկացնեն։ Հատկապես, որ մեր երկրի հանգստավայրերը միջին վիճակագրական քաղաքացու գրպանից շատ ավելի մեծ գումար կկորզեն` ավելի պակաս որակյալ ծառայությունների դիմաց։

Ի դեպ` հայաստանյան բարձր գների մասին արդեն գրել ենք։ Դեռ պայքարում են «բարձր կոչման համար…». թեև սա լրիվ այլ պատմություն է։

Ամանորին, թեև ոչ միայն Ամանորին, ամենապահանջված ուղղություններից է Վրաստանը։ Եթե ամռանը մեծ մասը ծով է գնում, ապա ձմռանը` Թբիլիսի, որը մեր լրագրող Լաուրայի վարկածով աշխարհի ամենագեղեցիկ քաղաքն է (սա պարզապես հիշեցի)։

Այդ ուղղության վրա մասնագիտացող One Way Tour զբոսաշրջային գործակալությունից մեզ հայտնեցին, որ չնայած առաջարկների բազմազանությանը, Վրաստան գնացողների աճ է նկատվում։

«Միայն մեր գործակալության միջոցով անցած տարիների համեմատ 30-40%-ով ավելի են Թբիլիսի գնացողները», – մեզ ասաց գործակալության տնօրեն Մաթևոս Բարսեղյանը։

Նրա խոսքով` հիմնականում ընտանիքներով կամ ընկերներով են մեկնում։ Գերակշռող մեծամասնությունը նախընտրում է հանգիստը Թբիլիսիում (մոտ 90%), այնտեղից արդեն մոտակա քաղաքներ են այցելում։ Ամենամեծ պահանջարկն ունեն Ամանորի հինգօրյա ուղևորությունները, որոնց միջին արժեքը 250-270 դոլար է` մեկ անձի համար։

Մի քիչ ավելի թանկ կնստի ուղևորությունը դեպի Եգիպտոս։ Բայց գրեթե Հայաստանի առողջարանների գնով ձմռան փոխարեն կստանաք ծով, արև, լողափ։ Ի զուր չէ, որ արաբական երկիրն այդքան մեծ պահանջարկ ունի։

Sky Tour–ի ներկայացուցիչ Ծովինար Թաթոյանը հայտնեց, որ զբոսաշրջիկների մոտ դա ամենապահանջված ուղղությունն է։ Հաջորդում են Արաբական Էմիրությունները (Դուբայ) ու եվրոպական երկրները (առավել հաճախ` Չեխիա)։

«Անցած տարվա համեմատ կոնկրետ դեպի Եգիպտոս ուղևորությունների ցուցանիշը երկու անգամ աճել է», – ասաց Թաթոյանը։

Նոր տարուն նաև այլ ուղղությունների աճ է գրանցվում, թեև` ավելի քիչ։ Հիմնականում տասնօրյա կամ մեկ շաբաթվա տուրեր են վերցնում։

Այո, բոլորը չեն, որ նախընտրում են արտասահմանում հանգիստը Ամանորի վազվզոցի փոխարեն։ Սակայն հայաստանյան «ստանդարտ» Նոր տարուց փախչողների թիվը տարեցտարի աճում է։ Ու այստեղ կարևորը ոչ թե «ու՞ր» հարցն է, այլ «ինչի՞ համարը»։ Շատ ուտելու և շատ խմելու տոնին պետք է վերջ տալ…

armeniasputnik.am