Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են գրավի միջնորդություն ներկայացնել դատարան
Advertisement 1000 x 90

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են գրավի միջնորդություն ներկայացնել դատարան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի՝ դեկտեմբերի 7-ին կայացրած որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից դեկտեմբերի 25-ին բողոքարկվել է Վճռաբեկ դատարան:

Վճռաբեկ բողոքը 107 էջից է բաղկացած:

Բողոքի հիմքում դրվել է Վերաքննիչ դատարանի որոշման առերևույթ հակասությունը նախկինում կայացված Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտած դիրքորոշումների հետ և մարդու իրավունքների և ազատությունների (արդար դատաքննության) հիմնարար խախտում,  ներառյալ, անմեղության կանխավարկածի, գործը օրինական դատարանի կողմից քննության, ինչպես  նաև պատճառաբանված որոշում ստանալու իրավունքները և որոշ այլ իրավունքների խախտումը:

Նաև բարձրացվել են որոշ հարցեր, որոնց մասով անհրաժեշտ է ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը իրավունքի զարգացման համար:

Պաշտպանական  թիմն առաջիկայում պատրաստվում է այլընտրանքային խափանման միջոց գրավի միջնորդություն ներկայացնել դատարան:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները և անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: