Քրեական հեղինակություն Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանի գործով տուժածը դերասանուհի Լուիզա Ղամբարյանի եղբայրն է։ Այդ մասին դերասանուհին հայտնեց 24news-ի հետ զրույցում։
«Գործով տուժած Մամիկոն Բագրատունին իմ ոչ հարազատ եղբայրն է, և ես ներգրավված եմ գործում որպես վկա»,- ասաց Լուիզա Ղամբարյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ մեկնարկեց քրեական հեղինակություն «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը, որին ներկա էին «Վստրեչի Ապերը» և գործով մյուս մեղադրյալ Գարեգին Իսկանդարյանը։
Արամ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել, ղեկավարել և անձամբ մասնակցել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ 2017թ․ հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում գտնվող «Արամիս» սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ, զենքով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով Մամիկոն Բագրատունու բացահայտ առևանգմանը։