Politik.am-գրում է. Իշխանափոխությունից հետո ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն դարձած Արթուր Վանեցյանն իր անվտանգության հետ կապված մտահոգություններ ուներ, քանի որ կառույցը զբաղվում էր կոռուպցիոն պատմությունների բացահայտմամբ, որոնք կապված էին նախկին պաշտոնյաների հետ, որոնք կարող էին խնդիրներ ստեղծել ԱԱԾ պետի համար։
ԱԱԾ պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց, Արթուր Վանեցյանը սկսեց շրջել նոր Toyota Lande Crauser մակնիշի մեքենայով։ Politik.am-ի տեղեկություններով՝ մեքենան Արթուր Վանեցյանը չի գնել իր անձնական միջոցներով, այլ նվեր է ստացել։ Մեր նույն աղբյուրի փախանցմամբ մեքենան գնվել է Հայաստանում և Ռուսաստանում զրահապատվել է, որից հետո միայն շահագործման է հանձնվել Արթուր Վանեցյանին։ Toyota Lande Crauser մակնիշի նոր մեքենան Հայաստանում արժե մոտ 80 հազար դոլար, իսկ տվյալ մոդելի ամբողջական զրահապատումը ՌԴ-ում արժե ավելի քան 115 հազար դոլար։
Ճշտելու համար, թե ի՞նչ արժեքով է գնվել մեքենան և ու՞մ կողմից է նվիրվել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին, Politik.am-ը հարցում ուղարկեց ԱԱԾ մամուլի ծառայությանը։ ԱԱԾ մամուլի կենտրոնից մեր հարցման պատասխանում նշվում էր․«Ի պատասխան Ձեր 21.12.2018թ. հարցմանը՝ ՀՀ ԱԱԾ-ի կողմից շահագործվող 001 ՏՏ 02 պետհամարանիշի Toyota Lande Crauser մակնիշի ավտոմեքենայի վերաբերյալ, հայտնում ենք, որ այն զրահապատ վիճակում, «Էյ Բի Տրանս» ՍՊԸ-ի կողմից անհատույց, անժամկետ տրամադրվել է ՀՀ ԱԱԾ-ին»: Մեքենայի և զրահապատման արժեքի մասին ԱԱԾ-ից տեղեկատվություն չէին տրամադրել։
Ընկերությունը, որը անհատույց, անժամկետ մեքենա է տրամադրել ԱԱԾ պետին, պատկանում է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հորը՝ Գագիկ Վանեցյանին։ ԱԱԾ տնօրենի հայրը ընկերության բաժնետոմսերի 60 տոկոսի սեփականտերն է։
Ի դեպ, ըստ Արթուր Վանեցյանը զրահապատ մեքենայով շրջելը հոգեբանորեն ծանր բան է։ «Հրապարակ» օրաթերթի լրագրողի հետ զրույցում Վանեցյանը մասնավորապես ասել է․«Չգիտեմ՝ նստել եք, չեք նստել, եթե ուզում եք, մի օր կհրավիրեմ, կնստեք, դա ահավոր բան է՝ ծանր մեքենա է, դժվար, էդքան անվտանգության աշխատակիցներով»։