Նուբարաշենի աղբանոցում շինաղբ տեղափոխող ЗИЛ-ը գլորվել է ձոր. վարորդի դին փրկարարները դուրս են բերել մեծ դժվարությամբ. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նուբարաշենի աղբանոցում շինաղբ տեղափոխող ЗИЛ-ը գլորվել է ձոր. վարորդի դին փրկարարները դուրս են բերել մեծ դժվարությամբ. shamshyan.com

Դեկտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի աղբանոցում բեռնատար է կողաշրջվել և ավտոմեքենայի մոտ ընկած է տղամարդու դի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 18 փրկարարական ջոկատը և թիվ 10 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկներով: Ժամանել են նաև ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Տարոն Միրզոյանի գլխավորությամբ: Փրկարարները մեծ դժվարությամբ շինարարական աղբի միջից դուրս են բերել մահացածի դին և մոտ 1 կիլոմետր քաղաքացիների օգնությամբ պատգարակով մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետն ու դատական բժիշկը: Փրկարարները դին հայտնաբերել են բեռնատարից մոտ 20 մետր հեռավորության վրա, իսկ բարձրությունը, որտեղից ավտոմեքենան գլորվել է ցած՝ մոտ 70 մետր է: Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորությամբ:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է նույն բաժնի ավագ քննիչ Վազգեն Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է ЗИЛ MMZ-45021 մակնիշի 225 AF 61 բեռնատարը հաշվառված է «ՎԵԿՍ» ՍՊԸ-ի հաշվեկշռում, որը գրանցված է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում, իսկ մահացածը Երևանի բնակիչ, 44-ամյա Ալբերտ Շահվերդյանն էր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

shamshyan.com