
Մեր նախորդ թողարկումներից մեկում ներկայացրել էինք Ճանապարհային ոստիկանության ծառայողների՝ համացանցում տարածված տեսագրությունում երևացող օրինազանց վարորդի մեքենան հայտնաբերելու և հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու վերաբերյալ տեսանյութը։
Սոցիալական ցանցում տեսանյութի քննարկումների ընթացքում, օգտատերերից մեկը հրապարակել էր նմանօրինակ տեսագրություն։ Այս անգամ էլ Ճանապարհային ոստիկանները արագ արձագանքեցին։ Ճշտվեց իրավախախտումը տեսագրելու օրը և վայրը։ Կարճ ժամանակ անց «ԲՄՎ»-ն հայտնաբերվեց մայրաքաղաքի Սպանդարյան փողոցում և տեղափոխվեց Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։
Վարորդի նկատմամբ կազմվեց արձանագրություն՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի՝ երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշման պահանջները չկատարելու հատկանիշով։ Ճանապարհային ոստիկանները պարզեցին նաև, որ վարորդը տրանսպորտային միջոցը վարել է փոխարինված հաշվառման համարանիշերով և կազմեցին երկրորդ արձանագրությունը։
Ոստիկանությունը կրկին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և շնորհակալություն հայտնում քաղաքացիներին համագործակցության համար։