Հայաստանում 1988 թվականին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից 30 տարի անց բրիտանացի փրկարարները կրկին այցելել են Սպիտակ՝ հասկանալու համար, թե ինչպես է վերականգնվել աղետի գոտին: Այս մասին ռեպորտաժ է պատրաստել BBC-ն:
Ռեպորտաժում թոշակի անցած փրկարարներ 75-ամյա Փոլ Բարնսը և 69-ամյա Ռեջի Բերին, ովքեր Մեծ Բրիտանիայի Լանքաշիրի փրկարարական թիմում 1988թ. մասնակցել են աղետի գոտու փրկարարական աշխատանքներին, պատմում են իրենց հիշողությունների մասին:
Նշվում է, որ նրանք իրենց փրկարարական թիմի կազմում աղետի գոտի են ժամանել երկրաշարժից 5 օր անց: Ռեպորտաժում ցուցադրվում են կադրեր երկրաշարժի ավերածություններից, Սպիտակ քաղաքի ներկա տեսքը:
Փոլ Բարնսն ու Ռեջի Բերին այցելել են վագոն-տնակում միայնակ ապրող Համլետ Դիլբարյանին, ում ընտանիքի բոլոր անդամներն ավերիչ երկրաշարժի զոհ են դարձել:
Ռեպորտաժում ներկայացվում է նաև, որ Սպիտակում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է 9732 մարդ, որը քաղաքի բնակչության կեսն էր: Ցուցադրվում են նախկին դպրոցի շենքի փլատակները:
Ռեջի Բերին և Փոլ Բարնսը փրկարարական աշխատանքներին մասնակցելուց բացի նաև երկրաշարժից փրկվածների համար ժամանակավոր կացարաններ են կառուցել: