
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Պաշտպանության նախարարությանը կհատկացվի 5 մլրդ 705 մլն դրամ՝ զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն զինվորական ծառայության ընթացքում սեփականության իրավունքով անհատույց բնակարան չստացած և առողջության կամ տարիքի կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողներին բնակարան ձեռքբերելու նպատակով պետական մասնակցության չափով աջակցություն ցուցաբերելու համար:
«2018 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ սահմանված կարգով բնակարանային պայմանների կարիքավոր ճանաչված և ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացված ցուցակների հիման վրա բնակհաշվառման հերթացուցակներում ընդգրկված են թվով 1141 նախկին զինծառայողների ընտանիքներ, որոնցից 326-ը՝ Երևան քաղաքում: Նախատեսվում է շահառուների գրավոր համաձայնության դեպքում յուրաքանչյուրին տրամադրել 2 տարի մարման ժամկետով և միջինը 5.000.000 դրամ արժեքով բնակարանի գնման վկայագիր»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նկատեց, որ այս նախագծով վերջապես հնարավոր կլինի լուծել զինծառայողների բնակարանային խնդիրը: «Հաշվի առնելով, որ նշված զինծառայողների փոքր թիվն է երևանաբնակ՝ տարբեր քաղաքներում հնարավոր կլինի զինծառայողների մեծ մասին հենց այդ 5 մլն դրամով գնել բնակարան»,- ասաց Միրզոյանը:
Դավիթ Տոնոյանն էլ նշեց, որ այդ միջոցները զինծառայողները կարող են ուղղել բնակարան կառուցելուն, կամ սեփական միջոցները ավելացնելով՝ ավելի թանկարժեք բնակարան գնելուն: