Ուզում եմ, որ անկախ մասնագիտությունից՝ գնահատանքի արժանանա նաև հայաստանաբնակ մարդը՝ մի կողմ թողնելով օտարամոլությունը. Սոնա Շահգելդյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ուզում եմ, որ անկախ մասնագիտությունից՝ գնահատանքի արժանանա նաև հայաստանաբնակ մարդը՝ մի կողմ թողնելով օտարամոլությունը. Սոնա Շահգելդյան. life.panorama.am

Երգչուհի Սոնա Շահգելդյանը Life.panorama.am-ի հետ զրույցում ամփոփել է անցնող 2918-ն ու խոսել նոր տարվա նոր երազանքներից:

«Վերջին տարիներն ինձ համար ակտիվ աշխատանքային են, և այդ իմաստով 2018-ը բացառություն չեղավ: Ողջ տարվա ընթացքում թողարկեցի մի շարք երգեր, եղան նաև դուետներ, մասնակցեցի մի շարք համերգների ու կորպորատիվ երեկույթների, նաև խաղացի նոր ֆիլմում: Այսինքն՝ տարին բուռն աշխատանքային էր, ինչի համար շատ ուրախ եմ, քանի որ սիրում եմ աշխատել,- նշեց Սոնան ու շարունակեց.

«Սակայն 2018-ն ինձ համար կարևոր էր ոչ միայն իմ անձնական հաջողություններով, այլև ապրիլ-մայիս ամսին տեղի ունեցած հեղափոխությամբ, ինքս այդ օրերին առաջիններից էի, որ իմ ժողովրդի կողքին էի ու ինձ համար մեծ պատիվ էր այդ բազմության առաջ ելույթ ունենալը»:

2019-ից իր սպասելիքները մեծ են.

«Ուզում եմ, որ գալիք տարին մեր երկրին ու աշխարհին խաղաղություն բերի, թող մանուկներն առողջ լինեն ու անհոգ ժպտան, առողջություն ու երջանկություն եմ մաղթում բոլորիս, գուցե ասածներս ծեծված խոսքեր են, բայց դրանք իսկապես բոլորիս խիստ անհրաժեշտ են: Ինչու ոչ, թող 2019-ը նաև մեր ժողովրդի ֆինանսական վիճակը բարելավվի, քանի որ մեր ժողովուրդն իսկապես փողի կարիք շատ ունի, ուզում եմ հայերը լավ ապրեն. նրանք շատ երկար են տանջված ապրել, ժամանակն է լավ ապրելու»,- ընդգծեց երգչուհին:

Սոնայի ցանկություններից  է նաև, որպեսզի արտագաղթ այլևս չլինի.

«Ինքս շատ հայրենասեր մարդ եմ, դրա համար անգամ ունենալով բազում հնարավորություններ արտերկրում ապրելու, բայց ես այստեղ եմ ու իմ ընտանիքով ապրում եմ իմ երկրում: Նույն հայրենասիրությամբ էլ մեծացնում եմ որդուս: Ցավում եմ, որ շատ տաղանդավոր մարդիկ ստիպված են դրսում ապրել ու աշխատել: Ինքս չեմ մեղադրում ոչ մեկին, որոնք որոշում են կայացնում հեռանալու, նրանց՝ այդ քայլի պատճառները տարբեր են՝ ոմանք գումարի խնդիր ունեն, ոմանք չեն գնահատվում, ոմանք հոգնում են միապաղաղությունից, իսկ արտերկիրը մեծ հնարավորություններ է տալիս: Ուզում եմ մեր երկիրը գա այն մակարդակին, որպեսզի շնորհալի ու տաղանդավոր մարդիկ գնահատվեն այստեղ՝ Հայաստանում, այլ ոչ թե մեկնեն արտերկիր ու հեռավորության վրա սկսեն գնահատվել: Ցավոք, մեր երկրում կա նման մտածելակերպ՝ գնահատում են դրսում ապրող հայերին, իսկ այստեղ դժվարությամբ աշխատող արտիստները այդպես էլ մնում են ստվերում: Ուզում եմ, որ անկախ մասնագիտությունից՝ գնահատանքի արժանանա նաև հայաստանաբնակ մարդը՝ մի կողմ թողնելով օտարամոլությունը»,- ընդգծեց Սոնան:

Իսկ վերջում երգչուհին իր շնորհավորանքը հղեց.

«Շնորհավոր բոլորիս գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը, սեր և խաղաղություն բոլորիս ընտանիքներին»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

life.panorama.am



Նման նյութեր