
Ֆինլանդիայի փողոցներում Սանտա-Կլաուսը բազմիցս գերազանցել է երթևեկության արագությունը՝ շտապելով բաժանել սուրբծննդյան նվերները տոնի նախօրեին, որը կաթոլիկ աշխարհը նշում է դեկտեմբերի 25-ին:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին պատմել է ֆիննական ոստիկանության ճանապարհային երթևեկության բաժնի ղեկավարը: «Սուրբ Ծնունդի նախօրեին Ֆինլանդիայի մի շարք մայրուղիներում Սանտան ցույց է տվել, որ շատ է շտապում նվերներ հասցնել երեխաներին:
Մեր արձագանքն ուղարկում ենք Սանտա Կլաուսին՝ հիշեցնելով երթևեկության անվտանգության մասին: «Ոչ»՝ տուգանքներին, «այո»՝ երթևեկության անվտանգությանը»,- ասվում է ոստիկանության ներկայացուցչի թվիթերյան հաղորդագրության մեջ:
Հաղորդագրությանը կից 8 լուսանկար է հրապարակվել, որոնցում պատկերված են Սանտա Կլաուսի հանդերձանքով վարորդներ: Լուսանկարներն արվել են Հելսինկիում և մի շարք այլ բնակավայրերում: