Ամանորյա արձակուրդներն արդեն անցյալում են, ու թեև տոնական օրերին իրադարձությունները հիմնականում սովորականից քիչ են լինում, այնուամենայնիվ, հայկական մեդիադաշտում տեղ գտան կեղծ լուրերի տարածման մի քանի ուշագրավ դեպքեր։
Հունվարի 4-ին, մասնավորապես, շրջանառության մեջ դրվեց մի լուր, թե իբր հանրակրթական դպրոցներում դասերը վերսկսվելու են ոչ թե նախատեսվածի պես հունվարի 8-ին, այլ հունվարի 25-ին՝ սուր շնչառական հիվանդությունների պատճառով։ Լուրի սկզբնաղբյուրը քլիքաբեր imhayastan.pro կայքն էր։ Այս տեղեկատվությունն իր ֆեյսբուքյան էջում հերքեց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Թեմային անդրադարձավ նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը ևս հերքեց այդ լուրը և հավելեց, որ սուր շնչառական վարակների ու գրիպի առումով իրավիճակը վերահսկելի է
Հունվարի 6-ին սոցիալական ցանցերում լուրեր տարածվեցին, թե իբր Արցախում ծեծի են ենթարկել մի ֆրանսահայ գեյ երիտասարդի։ Դրա մասին գրեց «Հայկական ժամանակը», սակայն քիչ անց էլ հեռացեց նյութն իր կայքից։ Իսկ hraparak.am-ը, որը ևս հանդես էր եկել նման հրապարակմամբ, խմբագրեց այն՝ ներառելով Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հերքումը։ Վերջինս, մասնավորապես, նշել էր, որ լուրերը տարածվել էին ֆեյսբուքյան կեղծ էջերով՝ առանց որևէ աղբյուր նշելու։ Իսկ «ֆրանսահայ երիտասարդի» նկարը իրականում վերցված է եղել բրիտանական PinkNews կայքի 2016թ․ հրապարակված հոդվածից։
Ապատեղեկատվության ալիք էր առաջացրել նաև Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքը, երբ Ամանորի գիշերը կենցաղային հողի վրա տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով 23-ամյա երիտասարդ էր սպանվել։ Ծանր հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել էին երկու հայեր, ինչից հետո ռուսական ВКонтакте սոցիալական ցանցում բազմաթիվ ադրբեջանական ֆեյքեր էին գործի դրվել ազգամիջյան ատելություն սերմանելու նպատակով: Մի օգտատիրոջ նկատմամբ Կարագանդայի մարզային դատախազությունը նույնիսկ քրեական գործ էր հարուցել։
Ադրբեջանական լրատվական կայքերը ևս աշխատել են այդ ուղղությամբ։ Vzglyad.az կայքը, մասնավորապես, հունվարի 4-ին հայտարարում էր «հայերի վայրագությունների» մասին։ 1news.az կայքը, իր հերթին, հայտնել էր, թե իբր Կարագանդայում տեղի ունեցած ցույցը եղել է «հայերի սանձարձակության» դեմ, այնինչ ցույցի մասնակիցներն իրականում պահանջում էին գործի մասին տեղեկություններ տրամադրել։ Novosti.az-ն էլ անհեթեթ հայտարարություն էր արել, թե իբր Ղազախստանում հայերը «անջատողական օջախ» են ստեղծել։