
Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունը որպես նվիրատվություն կընդունի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Բագրևանդ փողոցի հ. 74 հասցեում գտնվող Երևան համայնքի սեփականություն հանդիսացող 135.720.000 դրամ կադաստրային արժեք ունեցող 3 հա մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը նշեց, որ գույքը նախատեսվում է ամրացնել իր գլխավորած նախարարությանը:
Համապատասխան որոշմամբ սահմանվում են դրույթներ նվիրատվությունը ընդունելու, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հաշվեկշռում գրանցելու և ինժեներական քաղաքի ստեղծման համար կազմակերպություններին նվիրաբերությամբ տարածքներ տրամադրելու մասին։ «ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվիրաբերությամբ տարածքները տրամադրվելու են համապատասխան պայմանագրային հիմունքներով, որտեղ սահմանվելու են հողատարածքի հետագա տնօրինման և տիրապետման առանձնահատկությունները»,- ասաց Արշակյանը:
Հողի սեփականության իրավունքի փոխանցման համար ընտրվել է նվիրաբերության գործարքի եղանակը, քանի որ այն հնարավորություն է տալիս պետությանը տվյալ գույքի ոչ նպատակային օգտագործման դեպքում դադարեցնել սեփականության իրավունքը և վերադարձնել այն։