Կովկասյան հովազը «արձագանքել է» Նիկոլ Փաշինյանի կոչին. civilnet.am
Advertisement 1000 x 90

Կովկասյան հովազը «արձագանքել է» Նիկոլ Փաշինյանի կոչին. civilnet.am

Կովկասյան հովազն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի կոչին․ վարչապետի պաշտոնակատարն այսօր կառավարության նիստի ավարտին կատակեց՝ խոսելով այս կենդանու՝ Հայաստանում հայտնվելու մասին։

Փաշինյանը անդրադարձավ ապօրինի որսի խնդրին՝ շեշտելով, որ բնության պահպանության հարցերում կառավարությունը առանձնակի նախանձախնդիր վերաբերմունք է ցուցաբերելու։

Դիմելով, ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանին, նա ասաց.

«Պարոն Գրիգորյան, ես երեկ լուրերի թողարկումից իմացա, որ կովկասյան հովազը արձագանքել է այս տարի իմ արած կոչերին, թակարդի մեջ է ընկել, բայց տեսախցիկ-թակարդի մեջ է ընկել։ Իմացա, որ կա գաղափար հատուկ կովկասյան հովազի վերարտադրության ուղղությամբ, խնդրում եմ մանրամասներ ներկայացնել»։

Նախարարը պարզաբանեց, որ իրենք մի քանի ուղություններով աշխատում են։

«Նախատեսում ենք Էմիրատների [Արաբական Միացյալ Էմիրություններ] բնապահպանության և կլիմայի նախարարության հետ ստորագրել կենդանիների բազմացման հուշագիր։ Նրանք շատ լավ ծրագրեր ունեն։ Նրանց նախարարն է առաջարկել, որ մենք համագործակցենք։ Շատ կարևոր են նաև այն միգրացիոն ուղիները և տարածքները, որտեղ հանդիպում է այս կենդանին, դրանք Սյունիքի, Արարատի և Վայոց ձորի մարզերն են։ Այնտեղ հարկավոր է ստեղծել բավարար պայմաններ, այդ թվում՝ որ մարդիկ լրացուցիչ ճնշման չենթարկվեն։ Կովկասյան ընձառյուծը հանդիսանում է սննդային շղթայի գագաթը, նրա առկայությունը ենթադրում է, որ բավարար էկոհամակարգ է ձևավորված բեզոարյան այծերի, մուֆլոնների և այլ տեսակների»,- ասաց նախարարը։

Էրիկ Գրիգորյանը, անդրադառնալով մյուս խնդիրներին, պնդեց, որ ապօրինի որսն ու ջրօգտագործման դեպքերը անհետևանք չեն մնալու։ Փաշինյանը, սակայն, նրա խոսքն ընդհատեց.

«Դա իզուր ասացիք, պարոն Գրիգորյան։ Այսօր ես զեկուցագիր եմ ստացել այն մասին, որ ի հեճուկս որոշումների՝ Սևանի սիգի որսի հետ կապված 100 տոկոս բարձիթողի վիճակ է։ Լուրերում էլ ցույց են տալիս, որ մեր բոլոր շուկաներում վաճառվում է Սևանի սիգ»։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս դաշտում պատասխանատու մարմիններն ու գերատեսչություններն արդյունավետ չեն աշխատում։

Գևորգ Թոսունյան

civilnet.am