ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է մնա վարչապետի ենթակայության ներքո, իսկ ոստիկանության հարցը կարելի է քննարկել: Այս մասին հունվարի 10-ին 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ հայտնեց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:
«Ես կարծում եմ, որ ԱԱԾ-ն պետք է շարունակի մնալ վարչապետի ենթակայության ներքո, իսկ ոստիկանության մասը դեռ կարելի է քննարկել, որովհետև այդտեղ էլ տարբեր բաղադրիչներ կան: Երբ այդ մասին խոսում ենք, խոսում ենք ոչ միայն ենթակայության տակ գտնվելու, այլև ԱԺ-ում հաշվետու լինելու ու թափանցիկության մասին: Խնդիրը մի քանի բաղադրիչ ունի»,- ասաց Միրզոյանը:
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց, որ այս հարցը քննարկվում է կառավարության օպտիմալացման նախագծի հետ միասին, որը դեռ վերջնական տեսք չունի:
«Նախագիծը, որը դրված է շրջանառության մեջ, դեռ քննարկման փուլում է, կան բազմաթիվ առաջարկներ: Ես ինքս արել եմ մի քանի առաջարկ: Երբ վերջնական պատկերն իր տեսքը կունենա, այդ ժամանակ էլ կլինի վերջնական դիրքորոշում»,- նշեց Արարատ Միրզոյանը: