
Կարագանդայի ռեստորաններից մեկի մոտ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի գործով կասկածյալ, ՀՀ քաղաքացի Նարեկ Գուրուրյանն իր հարազատների մոտ է եղել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից։
«Գուրուրյանն անձամբ է երեկ ներկայացել Օմսկ քաղաքի իրավապահ մարմիններին, որտեղ և ձերբակալվել է։ Օմսկ քաղաքում նա եղել է բարեկամների մոտ», – նշեցին դեսպանատանը։
Գուրուրյանը ձերբակալվել է հունվարի 9-ին Օմսկի մարզի տարածքում։
Հիշեցնենք` դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում վիճաբանություն էր տեղի ունեցել, որն ավարտվել էր դանակահարությամբ։ 23-ամյա մի երիտասարդ մահացել էր, ևս երեքը` վնասվածքներ ստացել։
Վեճի մասնակիցների հստակ թիվը հայտնի չէ, բայց, որոշ տվյալների համաձայն, վեճին մի քանի տասնյակ մարդիկ են մասնակցել։