ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով՝ 2019թ. հունվարի 2-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 29 ամյա երիտասարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Երևան քաղաքի՝ 1978 թվականին ծնված բնակչի կրծքավանդակի և որովայնի հատվածին`դիտավորությամբ պատճառելով որովայն թափանցող, կրծքավանդակի ծակած-կտրած արյունահոսող վերք, բարակ աղու միջանցիկ վնասվածք, միջընդերքի վնասվածք, ներքին արյունահոսություն, հեմոպերիտոնեում վնասվածքներ:
Դեպքի առթիվ 02.01.2019թ. Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում ստացված տվյալների համաձայն՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը լքել է Հայաստանի Հանրապետության տարածքը:
Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: