Ստյոպա Սաֆարյան. «Ֆեյսբուքում չէ, որ պետք է կայացվեն կարևորագույն որոշումները…»
Advertisement 1000 x 90

Ստյոպա Սաֆարյան. «Ֆեյսբուքում չէ, որ պետք է կայացվեն կարևորագույն որոշումները…»

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի գրառումը. «Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած կենցաղային վեճը մեծ հանրային հնչեղություն, անթույլատրելի ազգային երանգներ ստացավ, որովհետև այդ երկրի իշխանությունները բավարարվեցին առաջին օրերին որոշ լրատվամիջոցների կողմից շատ սահմանափակ տեղեկատվությամբ ու որոշում կայացրեցին այլևս լռություն պահպանել: Արդյունքում, կրքերն ու քննարակումները տեղափոխվեցին սոցիալական հարթակներ ու ձնագնդին գնաց… Ինչպես Հայաստանի ֆեյսբուքյան հանրությունն է, այնտեղ էլ ղազախ ու այլազգի ֆեյսբուքցիները ինքնաբերաբար դարձան կրիմինալիստներ, դատահոգեբաններ, փորձագետներ, քննիչներ, դատավորներ, կոնֆլիկտաբաններ, վերլուծաբաններ… Հավատացեք, նույն պատկերն է, ինչ մեզ մոտ ցանկացած սուր թեմայի քննարկման դեպքում: Սակայն դա մի գործելաոճ է, որը բնորոշ է ավտորիտար երկրներին:

Այժմ էլ քանի օր է գերթեժացած կրքերով քննարկվում է Մհեր Ենոքյանի ներման հարցը, ու փոխանակ իշխանությունը խնդիրը տանի պատկան ատյաններում, մասնագիտական միջավայրերում բաց ու թափանցիկ, ա՛յ հենց լայվ հեռարձակումով, քննարկելու, որպեսզի հասարակությունն էլ հետևի փաստարկված, խելոք քննարկումներին, խնդիրը նորից թողել է սոցիալական ցանցերում ու մարդիկ միմյանց են հոշոտում: Իսկ իշխաննությունը… մանդատների բաշխում, ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը ու նման բլա-բլաներ: Այն տպավորությունն է, որ պարապ են:

Սիրելի ընկերներ, ինչպես բոլորս ենք արդարաբար նշում սա ոչ նախկին Հայաստանն է, ոչ էլ առավել ևս Ղազախստանը, ֆեյսբուքը, այո, կարող է քննարկել տարբեր հարցեր, բայց խոր մասնագիտական հարցերի քննարկման հարթակ երբեք չի եղել, չի լինի, ու ֆեյսբուքում չէ, որ պետք է կայացվեն կարևորագույն որոշումները: Դեռևս գործում է ժամանակավոր կառավարությունը, որը ինչպես հասկանում ենք, գրեթե նույն կազմով հաստատվելու է նաև որպես նոր կառավարություն: Այնպես որ՝ անիմաստ եք թողնում, որ կրքերն այսպես շիկանան: Պետությունը, պետական իշխանությունը ստեղծվում է հանրության խնդիրները քննարկելու, պրոֆեսիոնալ, բացատրելի լուծումներ տալու համար: Վաղուց պետք է խնդիրները տեղափոխված լինեին ու լինեն պետական մարմիններում լուծելու կոնվեյեր, ոչ թե նորից փողոց, ընդվզում, ցույցեր ու չգիտեմ ինչ…»:



Նման նյութեր