Արևային երաժշտության շողերը
Advertisement 1000 x 90

Արևային երաժշտության շողերը

Նուսրաթ Ֆատեհ Ալի Քհանի անունը Արևմուտքին հայտնի դարձավ կինոնկարներում տեղ գտած իր ստեղծագործությունների և հայտնի երաժիշտների հետ համագործակցությունից հետո: Սակայն մինչ այդ նա արդեն հայտնի էր իր հայրենիքում՝ որպես ավանդական երաժշտության «Շահեն-Շահ» («Արքաների Արքա»):

Նուսրաթ Ալի Քհանը ծնվել է 1948 թ., Պակիստանի Ֆեյսալաբադ քաղաքում: Նրա ընտանիքը դրանից ընդամենը մեկ տարի առաջ էր գաղթել Հնդկաստանից: Ալի Քհանի ընտանիքը սերտորեն կապված էր «Քավվալի» կոչվող ավանդական սուֆիստական երաժշտական ժառանգության հետ: «Քավվալին», որն ընդհանրապես ունի հոգևոր և փիլիսոփայական ուղղվածություն, ավանդական երաժշտության և հին կրոնական ասմունքների միասնություն է: Ընդ որում, «Քավվալի»-ն իր մեջ է ներառել այդ կրոնական միստիկ էությունը և նույնպես որոշ առումներով հոգևոր պրակտիկա է: «Քավվալիի» տիրապետման վարպետությունը ծնողներից ժառանգաբար փոխանցվում է իրենց երեխաներին (միայն արական սեռի), ընդ որում, յուրաքանչյուր ընտանիք ունի այդ երաժշտության կատարման իր ոճը և ուղղությունը: Ալի Քհանի ընտանիքը ավելի քան 600 տարի այդ երաժշտական ժառանգության կրողն էր: Դեռ վաղ տարիքում Ալի Քհանը մեծ սեր ուներ երաժշտության նկատմամբ, և չնայած այն փաստին, որ իր ծնողները իրենց երեխային ցանկանում էին կարիերայի առումով ավելի խոստումնալից կրթություն տալ, Ալի Քհանի ձգտումը դեպի իր պապերի արվեստը այնքան մեծ էր, որ ծնողները ստիպված էին զիջել: Ալի Քհանը սկսում է զբաղվել երաժշտությամբ՝ սկզբից իր հոր, իսկ վերջինիս մահից հետո` հորեղբոր ղեկավարությամբ: 17 տարեկանում նա արդեն հորեղբոր ղեկավարած երաժշտական խմբի անդամ էր, որի գրեթե բոլոր երաժիշտները Ալի Քհան ընտանիքի ներկայացուցիչ էին: Խումբը հանդես էր գալիս տարբեր միջոցառումներին, ինչպես կրոնական, այնպես էլ հասարակական: Խմբում նա հանդես էր գալիս որպես թմբկահար, իսկ հետագայում՝ նաև մեներգիչ: 23 տարեկանում, հորեղբոր մահից հետո, Ալի Քհանը դառնում է խմբի ղեկավարը: Այդ ժամանակ նա արդեն բավական հայտնի երաժիշտ էր: Եվ հենց նույն տարի Ալի Քհանին իր խմբի հետ հրավիրում են մասնակցելու «Radio Pakistan»-ի ամենամյա մեծ համերգին: Այդ ժամանակից սկսվում է Ալի Քհանի` որպես «Քավվալիի« արքայի ստեղծագործական կյանքը:

Ընդհանրապես «Քավվալին» շատ բարդ երաժշտական ոճ է, որի մեջ ներառված են փիլիսոփայությունը, ազգային պոետիկան ու հոգեբանությունը: Հիմքում ընկած են ասմունքները և պոեմները: Սակայն, միևնույն ժամանակ, այս ոճի համար բնորոշ են «ուրախություն», «հաճույք» և «արբեցնող երաժշտություն» տերմինները: Երաժշտությունը և խոսքերը մի նպատակ են հետապնդում` կատարողին և ունկնդրին հասցնել միասնության այն ամենի հետ, ինչի մասին «պատմում է» պոեմը՝ լինի դա աստվածային սերը թե բնության տարերքները: Սովորաբար «Քավվալիի» բովանդակությունը հին իմաստունների, կրոնական գործիչների կամ բանաստեղծների հոգևոր ապրումներն են, նրանց մտքերը գեղեցկության, սիրո և կյանքի մասին: Հին ժամանակներում սուֆիստների համար «Քավվալիի» առաջնային նպատակը մարդուն տրանսի վիճակին հասցնելն էր: Ալի Քհանի «Քավվալին» էին հեքիաթային էակները, և հրաշքները բնական էին թվում: Ալի Քհանը վառում էր երկնքի աստղերը և խաղում այդ աստղերով: «Քավվալիի» իմաստային պատմությունը կառուցվում է որպես մեներգչի և իրեն ուղեկցող երգչախմբի կամ երկրորդ մեներգչի երկխոսություն: Ընդ որում, ամբողջ այս պատմությունը ուղեկցվում է թմբուկների, հարմոնիումի (որը կարելի է նմանեցնել ակորդեոնին) և երբեմն կիթառի ու մանդոլինի երաժշտությամբ: Մեներգիչը պատմում է իր պատմությունը՝ աստիճանաբար ընկղմվելով այդ երաժշտության մեջ: Նույնը կատարվում է նաև ունկնդիրների հետ: Հատկանշական է, որ չնայած այն փաստին, որ «Քավվալիի» հիմնական լեզուն ուռդուն է, Ալի Քհանը և ընդհանրապես բոլոր մյուս «ասմունքողները» հաճախ իրենց երգերում անցնում են հինդու, ֆարսի կամ փանջաբի լեզուներին, որը, սակայն, բնական է թվում, քանի որ «Քավվալին» շատ ունիվերսալ է:

Մասնակցելով պակիստանյան ռադիոյի համերգին՝ երիտասարդ երաժիշտը միանգամից առանձնացավ իր զարմացնող էներգետիկայի և յուրահատուկ ոճի շնորհիվ: Արդեն այդ ժամանակ Ալի Քհանը կոմբինացրել էր պակիստանյան և հնդկական երաժշտական ավանդույթները, ինչի շնորհիվ նա սիրվեց նաև Հնդկաստանում և շատ շուտով դարձավ Բոլիվուդյան կինոնկարների երաժշտության հեղինակ: Այդ կինոնկարներից մի քանիսում նա նաև հանդես եկավ որպես դերասան: 80-ականների սկզբին Ալի Քհանին նկատում է Բրիտանական ձայնագրման ստուդիաներից մեկը, և երաժիշտը սկսում է հաճախակի համերգներով հանդես գալ Միավորված Թագավորությունում: Աստիճանաբար արևմտյան ունկնդիրները սկսում են ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերել «ֆոլք» երաժշտության նկատմամբ։ Միաժամանակ աճում է Ալի Քհանի սերը տարբեր ոճերի համադրման նկատմամբ: Նա երբեք չէր վախենում փորձեր անել երաժշտության հետ: Սակայն նա միշտ զգում էր այն սահմանը, որը բաժանում է իսկական հոգևոր երաժշտությունը ժամանակակից էթնիկ գործիքավորումներից: Ցանկացած նոր երկրում, ուր հաճախում էր երաժիշտը, նա նոր երաժշտական երանգներ էր գտնում իր համար: Ալի Քհանը սկսում է համագործակցել Պիտեր Գաբրիելի հետ: Նրա մի քանի ալբոմները թողարկվում են Պ. Գաբրիելի ձայնագրման ստուդիայում: Ալի Քհանը սկսում է գործիքավորել իր երաժշտությունը տարբեր արևմտյան երաժշտական ուղղությունների հետ: Նրա երաժշտությունը հնչում է արևմտյան մի շարք ֆիլմերում, որոնցից են` «Հանգուցյալը քայլում է» և «Քրիստոսի վերջին գայթակղությունը»: 1990թ. լույս է տեսնում «Mustt Mustt» ալբոմը, որը Ալի Քհանի և կանադացի կիթառահար ու պրոդյուսեր Մայքլ Բրուքի միասնական աշխատանքն էր: Այս միասնական խումբը 1996թ. թողարկեց նաև «Night Sգng» ալբոմը: Այս երկու ալբոմներն իրենց հատուկ տեղը զբաղեցրին երաժշտի գործունեության պատմության մեջ և նաև իրենց ազդեցությունն ունեցան ժամանակակից երաժշտության զարգացման վրա: Ալի Քհանն իր կյանքի ընթացքում համագործակցել է տարբեր ոճերի ներկայացուցիչների հետ, ինչպիսիք են` էլեկտրոնային և տրիպ-հոփ «Massive Attack» խումբը, հանրահայտ եվրոպական «Gregorian» նախագիծը և էլի շատ ուրիշներ: Ալի Քհանի ստեղծագործելու անսպառ ունակությունը թույլ տվեց նրան դառնալ Գինեսի ռեկորդների գրքի հերոս, որպես իր կյանքում ամենամեծ քանակությամբ «Քավվալիի» ձայնագրություն թողարկած երաժիշտ: Նա թողարկել է 125 ձայներիզ միայն իր կյանքի ընթացքում: 1997թ. մեծ երաժիշտը մահանում է: Կյանքի ընթացքում, սակայն, նա այնքան երաժշտական նյութ էր կուտակել, որ իր ձայներիզները շարունակում էին լույս տեսնել նույնիսկ մահից հետո: Նրա ստեղծագործությունները իրենց երկրորդ կյանքն են ստացել տարբեր ոճերում՝ ռեգգի, հիփ-հոփ և ռոք: Ամերիկյան «Brգգklym Qawwali Party» խումբը նույն ստեղծագործությունները կատարում է ջազ ոճով՝ օգտագործելով ջազին բնորոշ երաժշտական գործիքները: Ալի Քհանի ձգտումը դեպի երաժշտություն ապրում է նույնիսկ իր մահից հետո: Թեկուզ ուրիշ ճանապարհներով, սակայն «Քավվալիի» արևային հոգին նորից և նորից տարածվում է աշխարհով:

Սուրեն Սինյավսկի

«3 Միլիոն»