Կարտոֆիլի գինը 400 դրամի է հասել. hayastan24.com
Advertisement 1000 x 90

Կարտոֆիլի գինը 400 դրամի է հասել. hayastan24.com

Վերջին օրերին կարտոֆիլի գինը կտրուկ բարձրացել է: Շուկայում այսօր կարտոֆիլը վաճառվում է 300-400 դրամով: Կարտոֆիլի գնի բարձրացման պատճառը «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը ցանքատարածությունների կրճատման հետևանքն է համարում:

«Նախորդ տարի ցանքատարածությունները մոտ 20 տոկոսով պակասել են: Հանրապետություն բավականաչափ սերմացու չի մտել, սերմաթարմացում չի արվել»,- Հայաստան 24-ի հետ զրույցում նշեց Հրաչ Բերբերյանը:

Գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող սուպերմարկետների ցանցերում կարտոֆիլի վաճառքի գինն այս պահի դրությամբ 370 դրամ է: Կա նաև ավելի էժան՝ 170 դրամ արժողությամբ կարտոֆիլ:

Հրաչ Բերբերյանի խոսքով՝ դա անորակ կարտոֆիլ է, որը ներմուծվում է Ախալքալաքի տարածաշրջանից: Այնտեղ նախորդ տարի երաշտ է եղել, իսկ աճեցված կարտոֆիլն էլ ցածր որակ ունի:

Նա ցանքատարածությունների նվազման հարցում մեղադրում է պետական մարմիններին, որոնք սխալ ագրարային քաղաքականություն են մշակում:

«Պետական այրերը ոչինչ չեն արել, այդպես էլ պետք է լինի, որովհետև գյուղատնտեսության ոլորտում տգետ ղեկավարներ են եղել: Մեկը գինեկոլոգ էր, մյուսը, իբրև թե, մաթեմատիկոս: Այս երկրի գյուղատնտեսությունը քանդել են քաղաքական ուժերն իրենց «հմուտ» կադրերով»,- նկատեց մեր զրուցակիցը:

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահի պնդմամբ՝ խնդիրն ամենևին էլ եղանակային պայմաններով առաջացած ճանապարհների պատճառով չէ, որ մազերից կարտոֆիլ չի հասնում շուկաներ, այլ հորերում պահեստավորված բերք չկա:

Նա հիշեցրեց, որ ոչ վաղ անցյալում մեր երկիրը հայտնի էր իր կարտոֆիլի բերքով: Ավելին՝ 4 տարի առաջ՝ 2013-2014 թվականներին, 54.000 տոննա կարտոֆիլ էր արտահանվում:

Իսկ արտահանվելու փոխարեն այս տարի, փորձագետի համոզմամբ, կարտոֆիլ կսկսվի ներկրվել: Հրաչ Բերբերյանի կանխատեսմամբ՝ կարտոֆիլը գնաճը չի կանգնի, մարտի սկզբից արդեն շուկան կողողվի պարսկական և թուրքական կարտոֆիլով:

hayastan24.com