Մահացել է բուլղարացի երգիչ Բիսեր Կիրովը
Advertisement 1000 x 90

Մահացել է բուլղարացի երգիչ Բիսեր Կիրովը

Կյանքի 75-րդ տարում վախճանվել է բուլղարական երաժշտության  լեգենդ, հայտնի էստրադային երգիչ եւ կոմպոզիտոր Բիսեր Կիրովը: Այս մասին նորությունը նոյեմբերի 7-ին Facebook-ի իր էջում հրապարակել է բուլղարացի երգչուհի Յորդանկա Խրիստովան: «Մի քանի րոպե առաջ իմացա, որ կյանքից հեռացել է Բիսեր Կիրովը՝ իմ գործընկերը եւ բարեկամը: Աստվա՛ծ իմ, շա՜տ ծանր է: Մնա՛ս բարով»,- գրել է նա:

ԲԳՆԵՍ գործակալության տվյալներով՝ երաժշտի մահվան պատճառ է դարձել ուղեղի կաթվածը:

Կիրովը ծնվել է 1942 թվականի սեպտեմբերի 2-ին Սոֆիայում: Իր պրոֆեսիոնալ երաժշտական կարիերան սկսել է 1967 թվականին եւ կյանքի տարիներին հասցրել է ավելի քան 4,5 հազար համերգներ տալ Եվրոպայում, Ամերիկայում, Ասիայում եւ Աֆրիկայում:

Որպես կոմպոզիտոր նա ավելի քան 300 երգ է գրել բուլղարերեն, ռուսերեն, գերմաներեն, չեխերեն, լեհերեն, իսպաներեն եւ այլ լեզուներով: Կուբայում, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում, Լեհաստանում, ԽՍՀՄ-ում  եւ Բուլղարիայում թողարկել Է 15 տեւանվագ ձայնապնակ եւ ինը խտասկավառակ՝ ավելի քան 7 միլիոն օրինակով: Ձայնագրել է բուլղարացի, ռուս, իսպանացի, գերմանացի եւ անգլիացի կոմպոզիտորների ավելի քան 700 երգեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր