«Ուզում եմ արդար լինել». զոհված ոստիկանի մասին ուշագրավ դրվագ պատմեց ՊՊԾ գունդը գրավածներից մեկը. aravot.am
Advertisement 1000 x 90

«Ուզում եմ արդար լինել». զոհված ոստիկանի մասին ուշագրավ դրվագ պատմեց ՊՊԾ գունդը գրավածներից մեկը. aravot.am

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՊՊԾ գնդի գրավման գործով այսօր հրապարակվեց գործից անջատված մասով մեղադրյալ Կարեն Հակոբյանի (ինքնակամ լքել է գնդի տարածքը) նախաքննական ցուցմունքը, որից Հակոբյանը դատարանում հրաժարվեց: Թե որն է պատճառը, նա հայտարարեց, որ այդ ցուցմունքն իրենից կորզել են, եւ ամեն ինչ չէ, որ համապատասխանում է իրականությանը: «Ինձ գողացել են դրսից, խնդրել եմ պաշտպան ունենալ, չեն թույլատրել: Չեն թողել անգամ զանգեմ ընտանիքիս ու ասեմ, որ ինձ տարել են: Մոտ յոթ ժամ մեկուսացված եմ եղել: Առաջին անգամ էի զինված «մասկեքով» մարդկանց տեսնում: Մեքենայով կտրեցին դիմացս, կարելի է ասել՝ ելան վրաս, հետո ձերբակալեցին ու տարան: Մի խոսքով, ասել եմ այն, ինչ նրանց դուրը կգար»,-հայտարարեց Կարեն Հակոբյանը:

Ապա նշեց, որ ՊՊԾ գնդում զոհված ոստիկաններից Գագիկ Մկրտչյանի մասին ասվածը չի համապատասխանում իրականությանը: Նա, մասնավորապես ասել էր. «Վիրավոր Գագիկ Մկրտչյանը զինված խմբի անդամներից Արմեն Բիլյանին ասել է՝ ինչո՞ւ կրակեցիք իմ վրա…»:

Հիշեցնենք, որ ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրվում է խմբի անդամներից Արմեն Բիլյանը: «Ես նման բան չեմ ասել: Միայն ասել եմ, որ Գագիկ Մկրտչյանն անհասցե հարցադրում է արել: Ես ուզում եմ արդար լինել: Ես նրան տեսել եմ ձեռքից վիրավորված, մինչդեռ հետո իրավապահներն ասացին, որ երիկամների հրազենային վնասվածքից է հիվանդանոցում մահացել»,-նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո պնդեց Կարեն Հակոբյանը, ապա դատավորի ուշադրությունը հրավիրեց հետեւյալ հանգամանքի վրա,- «Չեմ կարծում, որ երիկամների վնասվածք ունենալով՝ նա կարող էր ազատ շարժվել: Իսկ ես տեսել եմ միայն նրա վիրավոր ձեռքը, նա ազատ շարժվում էր ու քայլում»:

Ամբողջությամբ՝ aravot.am