Ինչու հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիներին Բաքու չեն թողնում. պարզաբանում է դեսպանը է. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ինչու հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիներին Բաքու չեն թողնում. պարզաբանում է դեսպանը է. armeniasputnik.am

Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին մեկնաբանել է Ռուսաստանի ԱԳՆ-ի տեղեկությունն Ադրբեջանի օդանավակայաններում ազգային հիմքով քաղաքացիների խտրականության վերաբերյալ։

Ադրբեջանը հայկական ծագում ունեցող ՌԴ քաղաքացիների համար սահմանափակում է մտցնում հանուն իրենց իսկ անվտանգության։ Haqqin-ի փոխանցմամբ` այս մասին ասել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին։

Հունվարի 15-ին ՌԻԱ Նովոստին` հղում անելով Մոսկվայում եղած դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էր, որ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը գրություն էր ստացել Ռուսաստանի ԱԳՆ-ից` երկրի օդանավակայաններում Ռուսաստանի հայ քաղաքացիների հանդեպ խտրականության վերաբերյալ։ Հայտնում էին նաև, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ հավաստիացրել է ռուս գործընկերներին, որ քայլեր կձեռնարկեն խնդիրը կարգավորելու համար։

Ռուսական գործակալության տեղեկությունն արդեն մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան։

Դեսպանը զարմացել է լրատվական այդ «արտահոսքի» վրա։ Նրա խոսքով` դիվանագիտական պրակտիկայում ընդունված չէ ԶԼՄ-ներին փոխանցել գրության տեսքով տեղեկությունը, քանի որ այդ փաստաթուղթը պաշտոնական նամակագրություն չէ։

Նա նաև հերքել է տեղեկությունն այն մասին, որ ադրբեջանական կողմը վստահեցրել է  Մոսկվային, թե խնդրի կարգավորման ուղղությամբ քայլեր  կձեռնարկի։

«Հարց է առաջանում` ում նկատի ունեն ասելով ադրբեջանական կողմ, քանի որ անձամբ ես`դեսպանս, ոչ մեկի ոչ մի բանում չեմ վստահեցրել, իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն բարձրաձայնել է իր դիրքորոշումը»,- ասել է Բյուլբյուլօղլին։

Միաժամանակ, դիվանագետը հաստատել է, որ ռուսական կողմն իսկապես տարբեր մակարդակներով բարձրացրել է այդ հարցը։ Նա ընդգծել է, որ այդ հարցում պաշտոնական Բաքվի դիրքորոշումն անփոփոխ է մնում։

Դիվանագետն ավելացրել է նաև, որ գոյություն ունի միջազգային պրակտիկա, երբ երկրները մերժում են որոշ անձանց մուտքը` առանց որևէ պարզաբանման։

Դեսպանը կարծում է, որ ազգությամբ  հայերի Ադրբեջան մուտքի հարցը լուծելու համար անհրաժեշտ է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը։

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով հայերի մուտքն Ադրբեջան թույլ չտալու մասին հարցին, հայտարարել էր, որ Ռուսաստանի քաղաքացիներին Ադրբեջանից  ազգային պատկանելության համար արտաքսելն իրավունքների կոպիտ խախտում է։

Ավելի վաղ` դեկտեմբերի 29-ին, Ռուսաստանի քաղաքացի Քրիստինա Գևորգյանը Facebook-ում գրել էր, որ 13 ժամ անցկացրել է Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում «տեղեկատվական և ցանկացած այլ տեսակի մեկուսացման ու նյարդային գերլարվածության մեջ»։

Նա ցանկացել է Նոր տարին անցկացնել Ադրբեջանում, բայց անձնագրային սեղանի մոտ նրան կանգնեցրել են։ Գևորգյանը գրել է, որ իրենից բացի ևս երկու ընտանիքների թույլ չեն տվել գնալ Բաքու` նրանց ազգականներից մեկի հայկական ազգանվան պատճառով։

armeniasputnik.am