«Արմենիա պրեմիում» հեռուստաընկերության եթերում մեկնարկել է «Սև հանքեր» 25 մասանի քրեական դրաման, որտեղ նկարահանվել է նաև դերասանուհի Հասմիկ Վերդյանը։ Վերջինս Life.panorama.am-ի զրուցակիցն է։
«Այս հեռուստանովելում նկարահանվելու առաջարկը ստացել եմ «Արմենիա TV»-ից։ Ռեժիսոր Դավիթ Զոհրաբյանի հետ առաջին անգամ էի աշխատում, բայց վստահ կարող եմ ասել, որ շատ հետաքրքիր ու շահեկան համագործակցություն ունեցանք»,- պատմեց Հասմիկն ու շարունակեց.
«Սցենարն իսկզբանե ինձ հետաքրքրեց նրանով, որ դրա հիմքում ընկած են իրական փաստեր, իսկ նման դեպքում կերպար մարմնավորելն ավելի հետաքրքիր է։ Ֆիլմում գործողությունները ծավալվում են սահմանամերձ Գեղարդ գյուղում, որտեղ, ըստ սյուժեի, երկրաբանների խումբը հայտնաբերում է ոսկու մեծ պաշարներ: Նրանք այդ լուրը հայտնում են իրենց վարձակալած մեծահարուստին։ Գյուղի մեծահարուստը, որին մարմնավորում է Շահեն Ոսկանյանը, սկսում է միջոցներ ձեռնարկել ոսկու հանքը շահագործելու համար, բայց հանդիպում է գյուղացիների դիմադրությանը:
Իր հերոսուհու մասին խոսելիս Հասմիկ Վերդյանը պատմեց.
«Ես մարմնավորում եմ գյուղի այսպես կոչված պահապանի, պաշտպանի խնամակալին։ Սկզբում տպավորություն կստեղծվի, թե կերպարս բացասական է, բայց իրականում այդպես չէ. իրադարձություններն այնպես կզարգանան, որ անակնկալի կբերեն հեռուստադիտողին, իսկ իմ հերոսուհին այդ իրադարձություններում շատ բան կփոխի։ Կերպարս մի գծով չի զարգանում, ինչը ևս ի սկզբանե ինձ շատ հետաքրքրեց»։
«Սև հանքեր» հեռուստանովելի նկարահանումները տեղի են ունեցել Գեղարդ գյուղում։ Հասմիկի խոսքով՝ տեղի բնակիչները շատ ջերմ ու հյուրընկալ են եղել։
«Գրեթե յոթ օր ես ապրել եմ Գեղարդ գյուղում՝ բնակիչներից մեկի տանը։ Մենք շատ էինք մտերմացել տեղի բնակիչների հետ, նրանք անգամ ուզում էին ինձ ամուսնացնել»,- ժպիտով նկատեց նա։
Հասմիկի փոխանցմամբ՝ մեծ հաճույքով է աշխատել դերասանական կազմի հետ.
«Դերասան Ռոման Բաբայանի հերոսի և իմ հերոսուհու միջև սիրային գիծ է զարգանում, նրա հետ աշխատանքային փորձ ունենք, միասին միշտ էլ հաջող ենք աշխատել։ Իսկ այ դերասան Դավիթ Հակոբյանի հետ առաջին անգամն էի աշխատում, և պետք է ասեմ, որ ինձ համար մեծ դպրոց էր համատեղ աշխատանքը, նա հրաշալի մարդ ու դերասան է»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Հասմիկը հավելեց նաև, որ 2018-ի ամառը այս ֆիլմի շնորհիվ իր համար շատ լավ է անցել, դերսանական ու ստեղծագործական կազմը համերաշխ են աշխատել միասին։ Անդրադառնալով այս տարվա նպատակներին՝ Հասմիկ Վերդյանը նշեց.
«Կարծում եմ՝ տարին ակտիվ ու բեղումնալից կլինի։ Շատ նպատակներ ու ծրագրեր կան, բայց փակագծեր բացել դեռ չեմ ուզում։ Ուզում եմ՝ այս տարի աղքատությունը վերանա, մարդիկ արժանավայել ապրեն, ուզում եմ սոցիալական հավասարություն լինի»։