Կարպիս Փաշոյանի հրապարակումը.
«Ո՞ւր էին Հայկ Կոնջորյանի թիմակիցները, ինչո՞ւ էին լռում, չէ՞ որ ամբողջ մամուլն ու ֆեյսբուքը քարը քարի վրա չթողեցին նրանից, բզկտեցին ու մինչև վերջ թունավորեցին: Ինչո՞ւ որևէ մեկը օգնության ձեռք չմեկնեց սայթաքած ընկերոջը, ինչո՞ւ խմբակցության ղեկավարը չփորձեց շտկել իրավիճակը: Էլ ինչի՞ համար է նա:
Գործ ունենք չափազանց արատավոր երևույթի հետ: Մարդիկ հայտնվել են հարմարավետության գոտում ու որևէ կերպ չեն փորձում խախտել այն՝ շառից ու փորձանքից հեռու սկզբունքով: Ամենայն հավանականությամբ նրանք մտածում են, որ դա Հայկի թեման է և նա է միակ ու բացառիկ պատասխանատուն, մենք գործ չունենք, թող ինքն էլ տակից դուրս գա: Մենք մեր համար վայելում ենք օդից նվեր ստացած կարգավիճակները, մանդատները, պադավատներն ու աշխատասենյակները: Թքած, թե ինչ կլինի, կարևորը մեզնից ու մեր հարմարավետությունից հեռու լինի:
Այո՛, ճնշող մեծամասնությունը այսպես է մտածում, առանձնահատուկ կիսագրագետներն էլ պատրաստ են զինակցին ցանկացած պահի զոհաբերել, միայն թե՝ շառից ու փորձանքից հեռու:
Մեծ հաշվով թիմ որպես այդպիսին գոյություն չունի, քանի որ իրական թիմերում իրենց զինակիցներին երբեք չեն հանձնում, իրար ոտքի տակ չեն փորում ու ընկերոջ սխալի վրա չեն չարախնդում:
Դաշինքի անդամները չեն հասկանում այն պարզ ճշմարտությունը, որ եթե ինչ-որ մեկը սխալվել է, ապա այդ սխալը բոլորինն է, բացառապես բոլորինը և նրանք մեկ մարդու պես պատասխանատվություն են կրում յուրաքանչյուր թիմակցի համար: Առաջադրված նպատակները չեն կարող մարդուց կարևոր լինել, քանի որ մարդկային զոհաբերությունների վրա կառուցված աշխարհները երկար կյանք ունենալ չեն կարող:
Ու եթե հարմարավետության գոտում հայտնված հեղափոխական բյուրոկրատները այսօր իրենց դուրս են դնում թիմակցի սխալի պատասխանատվությունից, ապա ժամանակի ընթացքում սխալվելու գահթակղությունը բոլորին էլ հյուր է գալու, բայց՝ առանձին-առանձին ու մարդատյաց զանգվածները նրանց ոչնչացնելու են հենց առանձին-առանձին: Հա՛, շառից փորձանքից հեռու գտնվողների հերթն էլ է գալու և նրանց հանձնելու են հենց այն նույն թեթևությամբ, ինչպես-որ նրանք էին ժամանակին հանձնում ու զոհաբերում սեփական թիմակիցներին:
Ու զավեշտալին այն է, որ այդ ամբողջ թիմում ամենամենակ մարդը հենց Նիկոլ Փաշինյանն է: Հա՛, իշխանությունը ողբերգական երևույթ է, դու միշտ մենակ ես, բոլորը քեզ ատում են ու բոլորը քո դեմ դավեր են հյուսում, նույնիսկ նրանք, որոնք քո շնորհիվ մարդու կերպարանք են ստացել, բայց մի ժամանակ պրիմատի կարգավիճակում էին:
Երեսպաշտությունն ու մարդատյացությունը մղվել են առաջնային պլան: Մարդիկ մոռացել են, որ ամենաառաջնայինը մարդն է: Մարդը կարևոր է ամեն ինչից՝ պետությունից, հայրենիքից, ամեն, ամեն ինչից, որովհետև պետությունն է մարդու համար, այլ ոչ թե՝ մարդը պետության: Ցավոք սրտի գիտակցումն այս մեր միջավայրում գոյություն չունի, հակառակ պարագայում մարդը մարդուն այդքան թեթևությամբ չէր ոչնչացնի»: