Հասմիկ Դանիելյանը՝ «Ծղրիդի երգը» սերիալի ավարտի, իր և Վահե Զիրոյանի համատեղ նոր աշխատանքի և անձնական կյանքի մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Հասմիկ Դանիելյանը՝ «Ծղրիդի երգը» սերիալի ավարտի, իր և Վահե Զիրոյանի համատեղ նոր աշխատանքի և անձնական կյանքի մասին. life.panorama.am

Օրեր առաջ ավարտին մոտեցավ «Ծղրիդի երգը»  հեռուստասերիալը, որում գլխավոր հերոսուհուն՝ Էմմային, մարմնավորում էր Հասմիկ Դանիելյանը: Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհու հետ սերիալի ավարտի, իր և Վահե Զիրոյանի երաժշտական համագործակցության շարունակության և անձնական կյանքի մասին:

«Նախ ասեմ,որ ինձ շատ հաճելի էր աշխատել տվյալ սերիալի շրջանակներում: Ելնելով արձագանքներից, պետք է նշեմ, որ այն բավական սիրվել էր հեռուստադիտողի կողմից: Շատերն են իրենց դրական կարծիքը և հավանությունը տվել այս նախագծին» ,- նշեց դերասանուհին և անդրադարձավ սերիալում իր աշխատանքին և կերպարին.

«Ինքս հետագայում աշխատելու տեղ ունեմ, քանի որ երբ մարդ համարում է, որ աշխատելու տեղ այլևս չունի, դա նշանակում է, որ նա այլևս ոչինչ չպետք է անի: Բայց ընդհանուր առմամբ, նշեմ, որ «Ծղրիդի երգը»  սերիալում իմ աշխատանքը դրական եմ գնահատում: Կարծում եմ՝ առաջիկայում որպես դերասանուհի հնարավորություն կունենամ ավելի լավ ներկայացնել ինքս ինձ: Էմմայի կերպարն ինձ շատ հոգեհարազատ էր, բացառությամբ նրա բնավորության մի քանի գծերի, որոնք ես չէի ցանկանա, որպեսզի լինեին, և ըստ դրա էլ՝ իր փոխարեն ինքս շատ հարցերի այլ կերպ կվերաբերեի: Օրինակ, կարծում եմ, որ խանդը, երբ չափից շատ է լինում, սկսում է խանգարել, ինչն արդեն սխալ է, իսկ Էմման իր տեսակով բավական խանդոտ էր: Գուցե տարիներ առաջ ես էլ Էմմայի նման չափից շատ խանդոտ մարդ էի, բայց ներկայումս ինքս խանդ ասվածին բոլորովին այլ կերպ եմ վերաբերում: Ավելացնեմ, որ իմ անհամաձայնությունների մասին նույնիսկ խոսում և քննարկում էինք նկարահանման հրապարակում, բայց դե, իհարկե, դա ընդամենը կերպար էր, և վերջում ես անում էի այնպես, ինչպես որ գրված էր սցենարում» ,- պատմեց Հասմիկ Դանիելյանը:

Վերջինս անդրադարձավ նաև սերիալին վերաբերող այն կարծիքներին, ըստ որոնց՝ այն միապաղաղ էր և զուրկ սցենարական կտրուկ լուծումներից.

«Կարծում եմ, որ այն միապաղաղ չէր, բայց եթե մարդիկ կային, որ այդպես էին համարում, գուցե դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ «Ծղրիդի երգը»  սերիալում, ի տարբերություն այլ նախագծերի, չկար կրիմինալ, սպանություններ և այլն: Այն դասական գործ էր, որի միջոցով մենք փորձում էինք ցույց տալ քաղաքի և գյուղի միջև եղած տարբերությունը և մարդկանց ապրելակերպը» ,- շեշտեց Հասմիկը:

Հարցին՝ արդյո՞ք գլխավոր հերոսուհուն մարմնավորելը խթան հանդիսացավ, որպեսզի հանրության շրջանում իր հայտնիությունն ավելի մեծանա, դերասանուհին պատասխանեց.

«Իհարկե, այո: Յուրաքանչյուր նոր նախագիծ նոր հեռուստադիտող է բերում այս կամ այն դերասանին: Կոնկրետ իմ դեպքում շատերն ասացին, որ իրենց համար հետաքրքիր էր ինձ տեսնել տվյալ կերպարում, քանի որ դրա շնորհիվ ես նորովի ներկայացա հեռուստադիտողին» ,- նկատեց Հասմիկ Դանիելյանը:

Իսկ ինչ վերաբերում է իր և դերասան Վահե Զիրոյանի երաժշտական համագործակցությանը, ապա Հասմիկը տեղեկացրեց, որ իրենք արդեն իսկ սկսել են աշխատել նոր երգի վրա, որը շատ շուտով պատրաստ կլինի և ամենայն հավանականությամբ կունենա իր տեսահոլովակը.

«Ես և Վահեն աշխատում ենք Ռիչարդ Մադլենյանի հետ: Արդեն պատրաստում ենք մեր համատեղ նոր երգը, որը ավարտին հասցնելուն պես, կարծում եմ, կանցնենք տեսահոլովակի նկարահանման աշխատանքներին: Եվ բացի սրանից, հույս ունեմ, որ ապագայում կրկին նոր և հետաքրքիր աշխատանքներ կունենանք, քանի որ թե ես, թե Վահեն շատ սիրով և ակտիվ աշխատում ենք այդ ուղղությամբ» ,- ասաց դերասանուհին:

Իսկ թե արդյո՞ք գործունեությունից բացի, փոփոխություն կա նաև իր անձնական կյանքում, Հասմիկը չցանկացավ պատասխանել՝ նշելով, որ չի սիրում խոսել և բարձրաձայնել իր անձնական կյանքի մասին:

life.panorama.am



Նման նյութեր