Լոռու մարզում վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալը. պատճառը մերկասառույցն է եղել. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լոռու մարզում վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալը. պատճառը մերկասառույցն է եղել. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի՝ Մրգահովիտ գյուղի վարչական տարածքում բախվել են УАЗ մակնիշի 700 AR 17 համարանիշի և Nissan Tiida մակնիշի 35 MR 832 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում գտնվող զրուցարանի (бесeдка) մոտ։ Վթարի հետևանքով Nissan-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Մինաս Մինասյանը տեղեկությունը փոխանցել է Վանաձոր քաղաքի Ոստիկանության Գուգարքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արշավիր Մխիթարյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ստեփան Համբարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհն ամբողջովին եղել է մերկասառույց, տեղի ճանշինը ոչ մի միջոցներ չի ձեռնարկել ճանապարհը մշակելու՝ աղ ու ավազ լցնելու ուղղությամբ, և միայն վթարից որոշ ժամանակ անց ճանշինականները ժամանել են ու սկսել են ճանապարհի մշակման աշխատանքներ։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Nissan-ի վարորդը Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Կարեն Թիքանյանն է, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

shamshyan.com