Լեզվի կոմիտեն հերթական հորդորակն է հրապարակել՝ այս անգամ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերի մասին, որոնցից կոչ է անում խուսափել:
Օտար բառերին վերաբերող մեր նախորդ հորդորակում ներկայացրինք, թե ի՛նչ է օտարաբանությունը (փոխառյալ այն բառը, որի հայերեն հաջողված համարժեքը կա): Առաջարկեցինք հրաժարվել օտարաբանություններից:
Հորդորակը լայն արձագանք ունեցավ: Շատերը ոչ միայն ծանոթացան ներկայացվող բառերին, քննարկեցին դրանք, այլև որոշ բառերի համար առաջարկեցին ուրիշ համարժեքներ: Անշուշտ, սա բնական և ուրախալի իրողություն է: Լեզուն զարգանում է, շարունակ կատարելագործվում: Մենք պատրաստ ենք սիրով լսելու ամեն կարծիք ու առաջարկություն, սակայն դեմ ենք հայերենը ստորադասելուն կամ անտեսելուն:
Շնորհակալություն հայտնելով բոլոր արձագանքների համար և ներկայացնելով նոր բառացանկ՝ դարձյալ
ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ
տուրք չտալ օտարաբանությանը և գործածել հայերեն հետևյալ բառերը.
- աժիոտաժ – իրարանցում
- ալեգորիա – այլաբանություն
- ակտուալ – արդիական, հրատապ
- ամպուլա – սրվակ
- անատոմիկում – հերձարան, դիահերձարան
- անկետա – հարցաթերթիկ
- ասորտիմենտ – տեսականի
- բլանկ – ձևաթուղթ
- գարնիր – խավարտ
- գրանտ – դրամաշնորհ
- դեզինֆեկցիա – ախտահանում, վարակազերծում
- դեզինֆորմացիա – ապատեղեկատվություն
- դեկլարացիա – 1. հռչակագիր, 2․ հայտարարագիր, 3․ հայտարարություն
- դեմոգրաֆիա – ժողովրդագրություն (դեմոգրաֆիական – ժողովրդագրական)
- դևիզ – նշանաբան
- զոբ – խպիպ
- էլիտա –վերնախավ, ընտրախավ
- ժելե – դոնդող
- ինդիվիդուալ – անհատական
- ինվեստիցիա – ներդրում
- ինվեստոր – ներդրող
- ինցիդենտ – միջադեպ, դեպք
- լակոնիկ – սեղմ, հակիրճ
- լիբերալ – ազատական
- լիդեր – 1. առաջնորդ, 2. առաջատար
- լոկալ – տեղային
- կամին – բուխարի
- կարկաս – հիմնակմախք, հիմնամաս, կմախք
- կոլեկցիա – հավաքածու
- կոլեկցիոներ – հավաքորդ
- հորոսկոպ – աստղագուշակ
- մարկետ – խանութ
- մեմորանդում – հուշագիր
- պիպետկա – կաթոցիկ
- ստիմուլ – խթան, ազդակ, շարժառիթ
- օրխիդեա – խոլորձ
- օֆիս – գրասենյակ
- ֆակտոր – գործոն
- ֆիասկո – (լիակատար) ձախողում, տապալում
- ֆոյե – ճեմասրահ