Օրեր առաջ հեռուստաէկրաններին հայտնվեց նոր՝ «Սև հանքեր» հեռուստասերիալը, որում ընդգրկված են մի շարք հայտնի դերասան, դերասանուհիներ՝ Աշոտ Տեր-Մաթևոսյան, Ռոզի Ավետիսովա, Դավիթ Աղաջանյան, Հասմիկ Վերդյան, Էվա Խաչատրյան և այլք:
Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհի Էվա Խաչատրյանի հետ՝ սերիալում նկարահանվելու առաջարկի, կերպարի, ներկայիս գործունեության և անձնական կյանքի մասին:
Խոսելով տվյալ սերիալում ընդգրկվելու մասին՝ Էվան մեզ հետ զրույցում պատմեց.
«Նախ ասեմ, որ սերիալի գրեթե բոլոր դերասանների հետ աշխատում էի առաջին անգամ: Դավիթ Զոհրաբյանի հետ, ով «Սև հանքեր»-ի ռեժիսորն է, վաղուց է, ինչ մտածում էինք համատեղ ինչ-որ բան անել, թեև մինչ այս իր հետ միասին հնարավորություն էի ունեցել փոքր դերով հանդես հանդես գալ ռուս-հայկական մի նախագծում»,- նշեց Էվան և հավելեց.
««Սև հանքեր»»-ը եղավ հենց այն նախագիծը, որի շրջանակներում ես և Դավիթը վերջապես համագործակցեցինք: Ինձ շատ հեշտ և հետաքրքիր էր աշխատել նրա և սերիալի ողջ թիմի հետ: Պետք է ասեմ, որ նկարահանումների ընթացքում դժվարություններ բացարձակ չեմ ունեցել»,- ասաց Էվա Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է վերջինիս մարմնավորած կերպարին, դերասանուհին նշեց, որ այն բացասական է.
«Կարպարիս անունը Մերի է: Մեծահարուստի աղջիկ է և հենց այդ հոգեբանությամբ էլ մեծացած: Նրա հայրը որոշում է գտնված հանքը, որտեղ որ կա շատ ոսկի, իրացնել, ինչը նշանակում է, որ գյուղի բնակիչները պետք է տարհանվեն: Մերին չունի մայր, ունի երկու եղբայր, որոնցից մեկը դրական կերպար է, իսկ մյուսը՝ բացասական: Մերին, որպես այդպիսին, բացասական կերպար է, նա փորձում է եղբոր հետ միասին իրականացնել բացասական գործեր: Բացի այդ, Մերին գյուղի դպրոցի տնօրենն է, ով բավական ագրեսիվ վերաբերմունք ունի թե աշակերտների, թե ուսուցիչների հանդեպ: Կերպարս սիրահարված է գլխավոր հերոսին, ում սիրուն հասնելու համար պատրաստ է ցանկացած քայլի, նույնիսկ շատ բացասական արարքների: Ավելացնեմ, սակայն, որ այս ամենի մեջ մեկ դրական բան կա. սերիալի վերջում Մերին հասկանում է իր սխալները՝ փորձելով ուղղել ինքն իրեն»,- պատմեց Էվա Խաչատրյանը՝ չցանկանալով խոսել այլ մանրամասների մասին:
Դերասանուհին տեղեկացրեց նաև, որ այս պահին նկարահանվում է մեկ այլ նախագծում, սակայն թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, Էվան չբարձրաձայնեց.
«Առաջարկները շատ են, ցավոք, զբաղվածության պատճառով չեմ կարողանում դրանք ընդունել: Բայց այս պահին իմ մասնակցությամբ ընթանում են նոր՝ 25 մասից բաղկացած սերիալի նկարահանման աշխատանքները, որի մասին, սակայն, դեռ չեմ կարող պատմել»,- նկատեց Էվան:
Նրա խոսքով՝ թեև օրերս է վերադարձել Մոսկվայից, ուր մեկնել էր հանգստի և ընտանիքի անդամներին տեսակցելու, տարին իր համար աշխատանքային է սկսվել.
«Բացի նկարահանումներից, Կամերային թատրոնի դերասաններով պատրաստվում ենք իրականացնել նաև նոր ֆոտոշարք՝ նվիրված փետրվարի 23-ին: Լուսանկարներն արվելու են Պաշտպանության նախարարությունում, կարծում եմ, որ բավական հետաքրքիր շարք է ստացվելու»,- նկատեց դերասանուհին:
Իսկ անդրադառնալով իր հանգստին, Էվան պատմեց.
«Մեկնել էի Մոսկվա՝ հայրիկիս և մեկ տարեկան եղբորս մոտ: Որոշեցի այս անգամ Ամանորը նշել հենց նրանց հետ: Եղբորս շատ վաղուց չէի տեսել, շատ էի կարոտել թե նրան, թե հայրիկիս»,- պատմեց դերասանուհին:
Ինչ վերաբերում է Էվայի անձնական կյանքին, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա դերասանուհին հրաժարվեց խոսել դրա մասին՝ ասելով.
«Ինչպես միշտ ես իմ անձնական կյանքի մասին ոչինչ չեմ ասի, երբեք չեմ ասել ու ապագայում չեմ պատրաստվում ասել: Ես «անձնական» բառը շատ եմ սիրում և գնահատում, քանի որ այն բնորոշում է հենց այն երևույթը, ինչը որ միայն քոնն է: Այն հասարակական երևույթ չէ, լուսաբանվելու համար չէ, դրա մասին խոսելն անգամ անիմաստ է: Ես ուզում եմ ինձ մատուցել որպես դերասանուհի, անհատ, որպես կերպար, ինչը, կարծում եմ, հանդիսատեսին բավարար է: Իմ «անկողին» կամ իմ կյանք մտնել պետք չէ»,- մեզ հետ զրույցում եզրափակեց դերասանուհի Էվա Խաչատրյանը: