Սերգեյ Բագրատյանի կարծիքով խորհրդարանում ձևավորվել է հզոր ընդդիմություն
Advertisement 1000 x 90

Սերգեյ Բագրատյանի կարծիքով խորհրդարանում ձևավորվել է հզոր ընդդիմություն

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խորհրդարանում ի դեմս իրենց խմբակցության և «Լուսավոր Հայաստան»-ի, տեսնում է հզոր ընդդիմություն: Պատգամավորն ընդգծում է, որ իշխանության խոստումների չիրագործման դեպքում պատրաստվում են կիրառել խորհրդարանի վերահսկողական բոլոր գործառույթները:

«Դեկտեմբերի 9-ից հունվարի 14-ը մամուլը լցված է ՀՀԿ-ի տարբեր գործիչների մեկնաբանություններով, թե խորհրդարանում այլևս չկան ընդդիմադիր ուժեր: Մենք վստահ ենք, որ խորհրդարանում ձևավորվել է հզոր ընդդիմություն: Եվ այդ ընդդիմությունն առաջիկայում հանրությանը կներկայացնի իր ուրույն դեմքը, իր աշխատելու մեթոդները: Մենք ակնդետ հետևելու ենք իշխանության աշխատանքներին: Այն բոլոր ուղղություններում, որտեղ մեր դրույթները կհամընկնեն իշխանության դրույթներին և իշխանությունը կունենա կամք՝ իրագործելու ժողովրդին խոստացած քայլերը, մենք չենք կարող ընդդիմանալ: Բայց այն դեպքում, երբ խոստումները չեն կատարի, մենք օգտագործելու ենք օրենսդրականն հնարավորություններ և խորհրդարանի վերահսկողական գործառույթները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վստահեցրեց Բագրատյանը:

Նա վստահություն հայտնեց, որ «Լուսավոր Հայաստան»-ը ևս պատշաճ ընդդիմության կարգավիճակում կլինի։ Պատգամավորը շեշտեց, որ ընդդիմությունը չպետք է լինի ինքնանպատակ: «Հանրապետականների սպասելիքները կարդարացվեին, եթե ԱԺ նախագահի ընտրության ժամանակ հակադրություններ փնտրեինք: Բնականաբար մենք բոլորս հասկանում ենք, որ 88 պատգամավորի կողմից առաջադրված խորհրդարանի նախագահը լիարժեք անցնելու էր: Եվ նաև, եթե նա մեզ համար նաև ընդունելի կերպար էր, մեր կողմից ընդդիմանալուն սպասելը լուրջ չէր»,-նշեց նա:

Բագրատյանը նաև շեշտեց, որ խորհրդարանն արդեն ձևավորվել է, և իշխանությանն այլևս ոչինչ չի խանգարում իրագործելու խոստումները: Եվ, հետևաբար, իրենք պետք է իշխանությունը ներկայացնող տարբեր մարմիններից պահանջեն դրանք արագ իրագործել:

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է երեք քաղաքական ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն և «Լուսավոր Հայաստան» կուսակցություն: ԱԺ առաջին նիստում միաձայն նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը: Ազգային Ժողովի 2 փոխնախագահների պաշտոնում «Իմ քայլը» խմբակցության կողմից ընտրվեցին Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: Ընդդիմության փոխխոսնակի պաշտոնում ընտրվեց«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը: «Լուսավոր Հայաստան»-ը առաջադրել էր Մանե Թանդիլյանի թեկնածությունը:



Նման նյութեր