Չինաստանի բնակչությունը (առանց հաշվի առնելու Հոնկոնգի, Մակաոյի և Թայվանի հատուկ վարչական շրջանները) 2018 թվականի վերջի դրությամբ ավելացել է 5,3 միլիոնով և կազմել 1,395 միլիարդ: Այդ մասին վկայում են ՉԺՀ-ի պետական վիճակագրական բյուրոյի տվյալները: 2017 թվականին Չինաստանի բնակչությունն ավելացել էր 7,37 միլիոն մարդով: 2018 թվականին երկրում գրանցվել է 15,23 մլն նորածին, իսկ ծնելիության գործակիցը հազար մարդու հաշվով կազմել է 10,94: Նույն այդ տարում Չինաստանում մահացել է 9,93 մլն մարդ, իսկ մահվան գործակիցը հազար մարդու հաշվով կազմել է 7,13:
Բնակչության բնական աճը հազար մարդու հաշվով կազմել է 3,81: Արական սեռի բնակչության թվաքանակը կազմել է 713,51 միլիոն, իսկ իգական սեռինը՝ 681,87 մլն: 16-ից մինչև 59 տարեկան աշխատունակ բնակչության ընդհանուր թվաքանակը 2017 թվականի 901,99 մլն մարդուց կրճատվել է մինչև 897,29 միլիոն, ինչը կազմել է ընդհանուր բնակչության 64,3 տոկոսը: 2017 թվականին այդ ցուցանիշը կազմում էր 64,9 տոկոս: 2018 թվականի վերջին Չինաստանում կար 60-ից բարձր տարիքի 249,49 մլն բնակիչ կամ ընդհանուր բնակչության 17,9 տոկոսը: 65-ից բարձր տարիքի մարդկանց թիվն ավելացել է մինչև 166,58 (2017 թվականի 158,31 միլիոնից), ինչը կազմում է երկրի ամբողջ բնակչության 11,9 տոկոսը: Քաղաքային բնակչությունը տարվա ընթացքում ավելացել է 17,9 միլիոնով և կազմել 831,37 մլն մարդ, իսկ գյուղականը կրճատվել է 17,9-ով և կազմել 564,01 մլն մարդ: Քաղաքային բնակչության բաժինը 58,52 տոկոսից ավելացել է մինչև 59,58 տոկոս: Բացի այդ, «հոսուն ազգաբնակչության» ընդհանուր թվաքանակը կրճատվել է 3,78 միլիոնով և կազմել 241 մլն մարդ: