Գլխուղեղի սուր և ենթասուր իշեմիկ կաթվածների («ինսուլտների») բուժումը այսուհետ Հայաստանում կիրականացվի պետական պատվերով: Այսինքն՝ կլինի անվճար՝ անկախ հիվանդի սոցիալական կարգավիճակից: Նշենք, որ իշեմիկ կաթվածն այն տեսակն է, երբ արյան անոթների խցանումների կամ նեղացման պատճառով ուղեղը բավարար չափով արյուն չի ստանում, և հյուսվածքները մահանում են:
Ծրագիրը կոչվում է «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման» ծրագիր և նախատեսվում է, որ այն կմեկնարկի արդեն փետրվարի 1-ից՝ ներառելով տարեկան շուրջ 250 պացիենտի:
«Հույս ունեմ, որ փետրվարի 1-ից կհասցնենք սկսել, որովհետև ամեն ինչ կարծես թե պատրաստ է: Այս օրերին համակարգի ներդրման վերջին շտրիխներն են արվում, բոլոր մարզերում շտապ օգնության բրիգադներն անցել են վերապատրաստում: Ճիշտ ախտորոշման և ժամանակին Երևանի երկու կենտրոն հասցնելու դեպքում պետպատվերի շրջանակներում կաշխատի գլխուղեղի անոթների իշեմիկ ինսուլտների բուժման ծրագիրը»,- այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Ծրագրի շահառու կարող են դառնալ նրանք, ում կյանքին վտանգ է սպառնում՝ անկախ սոցիալական կարգավիճակից: Իսկ նշված երկու բուժհաստատությունները, որտեղ նման դեպքերում կարելի է դիմել, «էրեբունի» և Համալսարանական թիվ 1 հիվանդանոցներն են:
Նախարարը պարզաբանեց, որ համապատասխան հնարավորություններ առայժմ ունեցել են այս հաստատությունները: Մյուսները նույնպես կմիանան ծրագրին, եթե բավարարեն պահանջներին:
Նշենք, որ նմանատիպ ծրագիր արդեն մի քանի տարի գործում է սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում, երբ պետպատվերով ստենտավորում է իրականացվում կյանքի համար առաջացող վտանգի դեպքում՝ անկախ պացիենտի սոցիալական դրությունից: