
Պրահայի դատախազությունը ստացել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին ՀՀ գլխավոր դատախազության հարցումը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Պրահայի դատախազության ներկայացուցիչ Ալեշ Ցիմբալան:
«Կարող եմ հաստատել, որ Պրահայի քաղաքային դատախազությունը հանրապետական գլխավոր դատախազությունից ստացել է Հայաստանի գլխավոր դատախազության հարցումը պարոն Նարեկ Սարգսյանի արտահանձնման վերաբերյալ: Այժմ պետք է աշխատանքներ տարվեն համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրման վերաբերյալ: Միայն դրանից հետո կհայտարարվի արտահանձնման թույլատրելիության կամ անթույլատրելիության վերաբերյալ»,- ասել է նա:
Համաձայն Չեխիայի օրենսդրության՝ օտարերկրյա քաղաքացիների արտահանձնման հնարավորության վերաբերյալ որոշում կայացնում է արդարադատության նախարարը: Ընդ որում, նրա որոշումը կարող է չհամապատասխանել տեղական դատարանների վճիռների հետ: