Հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Մաշտոցի պողոտա- Իսահակյան փողոցի խաչմերուկում բախվել են Մեղրիի բնակիչ, 26-ամյա Նարեկ Աղայանի վարած Mercedes մակնիշի 35 GG 721 համարանիշի և Վարդենիս քաղաքի բնակիչ, 24-ամյա Արթուր Մկրտչյանի վարած Opel Tigra մակնիշի 59 AM 666 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մարատ Սիմոնյանի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Mercedes-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա գտնվում է սթափ վիճակում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: