Վրաստանը Վենեսուելայի ընդդիմադիր Ազգային ասամբլեայի (միապալատ խորհրդարանի) խոսնակ Խուան Գուայդոյին այդ երկրի նախագահի պաշտոնակատար է ճանաչել պետության գործող ղեկավար Նիկոլաս Մադուրոյի փոխարեն: Այդ մասին հունվարի 24-ին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
«Վրաստանը Խուան Գուայդոյին ճանաչում է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ և ողջունում է Վենեսուելայի քաղաքացիների հայտարարությունները ազատության ու ժողովրդավարության համար նրանց պայքարում»,- գրել է Զալկալիանին Twitter-ում:
Հունվարի 23-ին Վենեսուելայի ընդդիմադիր Ազգային ասամբլեայի (միապալատ խորհրդարանի) խոսնակ Խուան Գուայդոն իրեն հայտարարել է երկրի նախագահի պաշտոնակատար: Քաղաքական գործչին արդեն Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար են ճանաչել ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն և Ամերիկյան պետությունների կազմակերպությունը:
Նախագահ Նիկոլաս Մադուրոն դա որակել է Վաշինգտոնի կազմակերպած պետական հեղաշրջում, հայտարարել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին և ընդգծել, որ իր վարչակազմն ամեն գինով պաշտապանելու է երկրի ինքնիշախանությունը: