Աֆրիկայում ճանապարհորդությունից հետո կնոջ գլխի մեջ բնակություն են հաստատել ճանճի թրթուրներ
Advertisement 1000 x 90

Աֆրիկայում ճանապարհորդությունից հետո կնոջ գլխի մեջ բնակություն են հաստատել ճանճի թրթուրներ

Մեծ Բրիտանիայից 55-ամյա կնոջ համար, ում անունը չի հրապարակվում, Աֆրիկա ուղեւորությունն իսկական փորձության է շրջվել: The Daily Mail-ը հայտնում է, որ Ուգանդայում անցկացրած արձակուրդից վերադառնալուց հետո կնոջ մոտ ուժգին գլխացավեր են սկսվել եւ աչքերի շրջանում այտուցներ են հայտնվել:

Ճանապարհորդությունների սիրահարը դիմել է բժիշկների օգնությանը՝ նշելով, որ Աֆրիկայում այցելել է Կիբալե Ազգային արգելոցի արեւադարձային անտառ: Հետազոտությունից հետո բժիշկները նրա գլխի մաշկի տակ ճանճի երկու թրթուր են հայտնաբերել, որոնցից մեկին ստիպված էին  վիրաբուժական ճանապարհով հեռացնել, քանի որ այն գտնվում էր մազի աճի գծի վրա:

Միջատներն ուղարկվել են Լոնդոնի արեւադարձային բժշկության դպրոց, որտեղ պարզվել է, որ դրանք Cordylobia anthropophaga ճանճի թրթուրներ են: Դրանցով մարդու վարակումը չափազանց հազվադեպ է պատահում. վերջին անգամ համանման դեպք էր գրացվել 2015 թվականին: Դրանից բացի, եզակի են դեպքերը, երբ Cordylobia anthropophaga-ն իր «տեղակայման» վայր է ընտրում գլուխը: Դրանց առավել հաճախ կարելի է հայտնաբերել ոտքերի մեջ կամ որովայնային խոռոչի շրջանում:

Բժիշկների կարծիքով՝ ճանճի թրթուրներով վարակման պատճառը անզգուշությունն էր. Աֆրիկայում լինելով՝ կինը գլխի շուրջ սրբիչ էր փաթաթել, որը մինչ այդ կախված էր բացօթյա պայմաններում: Մասնագետները նշում են, որ ճանճերի ձվերը սովորաբար մարդու մարմին են անցնում հագուստի միջոցով:

55-ամյա անգլուհու վարակման դեպքը նկարագրվել է British Medical Journal Case Reports ամսագրում:

med.news.am



Նման նյութեր