Չիպսերը և հալած ճարպով տապակած ձուկն ու հավը 13 տոկոսով մեծացնում են վաղաժամ մահվան հավանականությունը
Advertisement 1000 x 90

Չիպսերը և հալած ճարպով տապակած ձուկն ու հավը 13 տոկոսով մեծացնում են վաղաժամ մահվան հավանականությունը

Չիպսերը և հալած ճարպով տապակած ձուկն ու հավը կանանց շրջանում վաղաժամ մահվան հավանականությունը մեծացնում են: Այս մասին նշված է Այովայի համալսարանի գիտնականների հետազոտության մեջ, որը հրապարակվել է British Medical Journal (BMJ) ամսագրում:

Նշվում է, որ օրական այնպիսի մթերքների միայն մեկ չափաբաժինը, ինչպիսին է ֆրի կարտոֆիլը կամ ֆրի հավով սենդվիչը, մահվան հավանականությունը 8 տոկոսով մեծացնում է այլ ճաշատեսակներ գործածողների համեմատությամբ, որոնք հալած ճարպով չեն պատրաստվում: Օրգանիզմի վրա առավել մեծ բացասական ազդեցություն է ունենում ֆրի հավը և ֆրի ձուկը:

Պարզվել է, որ օրական տապակած հավի կամ ձկան մեկ կամ մի քանի չափաբաժինը մահվան հավանականությունը մեծացնում է համապատասխանաբար՝ 13 և 7 տոկոսով, իսկ կոնկրետ սրտի հիվանդություններից համապատասխանաբար՝ 12 և 13 տոկոսով այն մթերքների համեմատությամբ, որոնք չեն տապակվել:

Մինչդեռ, փորձագետների գնահատմամբ՝ ֆրի հավի կամ ֆրի ձկան նույնիսկ փոքր չափաբաժինները կարող են օրգանիզմին վնաս հասցնել:

Իրականացված հետազոտությանը մասնակցել է 50-ից մինչև 79 տարեկան 106 966 կին: Դիտարկումների 18 տարում մահացել է 31 558 կին, այդ թվում՝ 9 320-ը՝ սրտի խնդիրների հետևանքով, 8 358-ը՝ քաղցկեղի և 13 880-ը՝ այլ պատճառներով:

Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ տապակած կերակուրի հաճախակի գործածումը, հատկապես տապակած հավի և տապակած ձկան (կամ կակղամորթների) կանանց շրջանում եղել են սիրտ-անոթային հիվանդությունների հետևանքով մահվան մեծ հավանականության պատճառը: Փորձագետները ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ տապակած սնունդը, որպես կանոն, ավելի հարուստ է կալորիաներով, ճարպերով և աղով, իսկ չափաբաժինները սովորաբար մեծ են, հատկապես պատվիրված սնունդի դեպքում:

Ուշագրավ է, որ ֆրիի սիրահար կանայք, որպես կանոն, պակաս կրթված են և ավելի քիչ եկամուտներ ունեն: Դրանից բացի, տապակած կերակուրի երկրպագուները քիչ են ուտում բանջարեղեն, մրգեր և հատիկավոր մթերքներ, ընդ որում՝ օգտագործելով մեծ քանակությամբ քաղցր ըմպելիքներ, աղ, կարմիր և վերամշակված միս:

med.news.am