Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի «Սպորտի մանկավարժություն և կառավարում» ֆակուլտետի դեկան Գագիկ Սարգսյանը բաց նամակ է հղել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Ղազարյանին․ «Սիրելի ընկերներ, սովորաբար զուսպ եմ նման գրառումներ կատարելիս բայց այս մեկին չէի կարող չանդրադառնալ: Ցավով և մեծագույն զարմանքով կարդացի երեկ «Մեդամաքս»-ին տրված ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Ղազարյանի հարցազրույցը, մասնավորապես արտահայտությունը, թե իբր «Ֆիզկուլտ ինստիտուտը ռեսթարթի կարիք ունի»․․․ Խնդրում եմ խոսքերս ընդունել որպես ընկերոջ, որն իր կյանքի լավագույն տարիներն ու մեծ մասն անցկացրել է հենց Ֆիզկուլտ ինստիտուտում, ինչպես և դու հարգելի Գաբրիել: Եվ մեր կարիերայի առաջընթացով և ունեցած հաջողություններով մենք բոլորս միասին և այդ թվում և դու հարգելի Գաբրիել, պարտական ենք հենց մեր բուհին և այն մարդկանց, որոնք կրթել և դաստիարակել են մեզ, որոնց առաջ խոնարհվում եմ…
Տարիներ շարունակ, զբաղեցնելով փոխնախարարի և նախարարի պաշտոն, բազմաթիվ անգամներ այցելել ես քո մայր բուհ և լսել ենք միայն գովեստի և դրվատանքի խոսքեր.. Երանի գեթ մեկ անգամ հանդես գայիր որևէ նախաձեռնությամբ և միասին փորձեինք «Ռեսթարթ» անել «ծրագրերն ու գիտամեթոդական մոտեցումը», այլ ոչ թե հեռանայիք ինստիտուտից և կտրվեիք բուհական իրականությունից…
Հարգելի՛ ընկեր, մեր բուհում ռեսթարթը մշտական գործընթաց է, գործընթաց, որին մասնակից են հանրապետության լավագույն և պրոֆեսիոնալ կադրերը: Կադրեր, որոնք սերունդներ են կրթել, պրոֆեսիոնալ մարզիկներ և մարզիչներ պատրաստել, էլ չեմ ասում վերջին տարիներին բուհի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի շարունակական երիտասարդացումը` երիտասարդներ, որոնք իրենց պրոֆեսիոնալիզմով ուղղակի փայլում են թե՛ հանրապետությունում, և թե՛ նրա սահմաններից դուրս: Ինչ վերաբերվում է նրան, որ ըստ քեզ «Ժամանակն է, որ ֆիզկուլտինստիտուտը սպորտում կարևոր դեր խաղա, ինչը սակայն չի անում»..․ Շատ ցավում եմ, որ այս արտահայտությունը քեզանից եմ լսում…
Տպավորություն է, թե կտրվել էս մեր իրականությունից..․ Արի միասին շրջայց կատարենք մեր հարազատ ինստիտուտի բոլոր ամբիոններով: Ովքեր են մեր հարգարժան կոլեգաները, մարդիկ, որոնք պատրաստել և պատրաստում են ՀՀ մարզաձևերի հավաքական թիմերի լավագույն մարզիկների, ՀՀ սպորտի և միջազգային կարգի սպորտի վարպետների, մարդիկ որոնք կրթել են իմ և քո նման մասնագետների, որոնք ղեկավարում են այսօր մարզաձևեր, մարդիկ որոնք ֆեդերացիաների անդամներ են, երիտասարդ մասնագետներ, որոնք չնայած իրենց տարիքին արդեն իսկ աչքի են ընկնում իրենց պրոֆեսիոնալիզմով..․ Էլ ի՞նչը պետք է անեին, որ չեն անում։ Եվ թվարկածս մարդիկ «Ռեսթարթ» են անում առանց բարձրաձայնելու…
Եվ վերջում իմ սիրելի ընկեր, ուղղակի կցանկանայի, որ այն բոլոր առաջարկները, որոնք արվել են իմ կողմից, տարիներ շարունակ (և մնացել ուղղակի խոստումների դաշտից) դահուկային սպորտը «Ռեսթարթ» անելու հարցում..․ Իսկական ժամանակն է Ի ԳՈՐԾ..
Հ․Գ. Խնդրում եմ Չանձնավորել, Չքաղաքականացնել.. Հարգանքներիս հավաստիքը»,- գրել է Սարգսյանը։