Գլխավոր դատախազը նաև նկարիչ է
Advertisement 1000 x 90

Գլխավոր դատախազը նաև նկարիչ է

Կանանց նվիրված տոնին ընդառաջ՝ մարտի 7-ին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ներկայացրեց իր նկարների և լուսանկարների ցուցահանդեսը: Ներկայացված էին գլխավոր դատախազի 8 գեղանկարները և մոտ 80 լուսանկարները: «Քեզ համար» խորագիրը կրող այս ցուցահանդեսն Ա. Հովսեփյանը նվիրել էր իր մորը: Շատերի համար իսկապես անակնկալ էր գլխավոր դատախազի նախասիրությունը: «Ես թե՛ գեղանկարչությամբ, թե՛ լուսանկարչությամբ զբաղվել եմ վաղ տարիքից, դպրոցական տարիներից և մշտապես երազել եմ ճարտարապետ կամ ռեժիսոր դառնալու մասին»,- ասաց Ա. Հովսեփյանը: Սակայն, դատախազի խոսքերով, պարզապես մի քանի հանգամանքներ նպաստել են նրա իրավաբան դառնալուն:

«Ինձանից տարիքով ավելի մեծ ընկերներս իրավաբանական ֆակուլտետում էին սովորում, և հենց սա էլ առիթ եղավ: Մտքափոխվեցի և դարձա իրավաբան, բայց երազանքս էր ճարտարապետ դառնալ, մինչև վերջերս էլ մայրս ինձ նախատում էր, որ ես ճարտարապետ չդարձա»: Ա. Հովսեփյանի խոսքերով՝ իր լուսանկարներում միայն ծաղիկները չեն, որ տեղ են գտել, պարզապես խորագրին համահունչ առանձնացվել են միայն ծաղիկներն ու բնությունը ներկայացնող նկարներ: Ի դեպ, լուսանկարներում տեղ գտած ծաղիկներից շատերը իր սեփական այգում դատախազի աճեցրած ծաղիկներն էին: «Շատ մեծ, բարի, գեղեցիկ, դրական զգացողություն կա, երբ ինքդ ես ծաղիկներն աճեցնում: Եվ հատկապես, երբ գիտես, որ այդ ծաղիկները երկար կյանք չունեն, ու դու հնարավորություն ունես այդ ամենը նկարների միջոցով հավերժացնելու, հենց դա էլ իմ նախասիրության իմաստն է»,- ասում է նա: Երբեմն, ինչպես անկեղծանում է գլխավոր դատախազը, մեծ ծաղկաստանի մեջ հնարավոր չի նկատել այն ծաղիկը, որը կդառնա նկար, բայց երբեմն նույնիսկ ճանապարհի եզրին աճած մի ծաղիկ տպավորվում է և դառնում է լուսանկար: Լուսանկարներից շատերն էլ արվել են արտերկրում: Օրինակ, ներկայացված էին նաև Ինդոնեզիայում արված բացառիկ ծաղիկների լուսանկարներ: Իսկ երբ լուսանկարչական ապարատը բացակայում է՝ դատախազին օգնության է հասնում հեռախոսը, չնայած դատախազը համոզված է, որ ամենալավ ապարատը մարդու հոգում ու աչքի մեջ է տեղադրված: Իսկ որքանո՞վ է օգնում արվեստը դատախազի աշխատանքին. «Իրավագիտությունը ևս ներքին մղում է, լինի իրավաբան, քննիչ, դատախազ թե դատավոր, ստեղածագործական մոտեցում անհրաժեշտ է: Յուրաքանչյուր քրեական գործի նախաքննություն, հետաքննություն ևս ստեղծագործական պրոցես է, բայց այն, ի տարբերություն կերպարվեստի, որ հոգուց է բխում, կարելի է սովորել: Արվեստը ստեղծում է ներքին հոգեկան մի վիճակ, ինչ-որ մի կարողություն, մի որակ, որն օգնում է ավելի հեշտ հասկանալու մարդու հոգևոր աշխարհը, որը նպաստում է նաև հարցաքննությանը՝ հանցագործի հետ զրուցելիս»:

ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանն ասում է, թե գիտեր, որ Աղվան Հովսեփյանը սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, և առիթ է ունեցել իմանալու դատախազի նախասիրության մասին, բայց չի պատկերացրել, որ այսքան խորությամբ է, որ այսքան գեղեցկություն և նրբություն կա: Նա համոզված է, որ բարության և ազնվության նշան է, երբ մարդ նկարում է: «Նախ՝ ուրախալի է, որ որպես անձ՝ նա զբաղվում է արվեստով, քանի որ արվեստով զբաղվող մարդու ներնաշխարհը չի կարող լուսավոր չլինել: Արվեստը մարդուն բարիացնում և ազնվացնում է, ոգեղեն մի բան, որ մարդու մեջ կա կամ չկա, և դա ձեռքբերովի չէ: Վստահաբար կարող եմ ասել` Աղվան Հովսեփյանի գեղանկարչական աշխատանքներից երևում է, որ եթե ավելի շատ ժամանակ հատկացներ այս ամենին` շատ մեծ բաների կհասներ: Արվեստում շատ կարևոր է նաև տեսնելը, իսկ Աղվան Հովսեփյանի լուսնակարներից հատկապես զգացվում է, որ նա նայելուց բացի՝ նաև տեսնում է: Կցանկանայի, որ շատերը տեսնեին, և իրենց մեջ էլ նման բաներ անելու սեր ու ցանկություն առաջանար, քանի որ այդ ամենից և այս ամենը ստեղծողից միայն դրական էներգիա է հորդում: Այս նկարների միջոցով մենք ճանաչեցինք նաև գլխավոր դատախազի գեղագիտական ու զգացական աշխարհը, որը շատ լուսավոր է»,- ասաց նկարիչ Վալմարը: «Ցուցահանդեսի խորագիրն արդեն որոշակի պատկերացում է տալիս Աղվան Հովսեփյանի մասին, որպես մարդու, իսկ աշխատանքներին ես մի քիչ ավելի վաղ էի ծանոթ, և կարծես իր բնութագրերն են բոլոր աշխատանքները: Ես մշտապես զգացել եմ բնության հանդեպ իր սերը, ինձ միշտ զարմացրել է նրա ճանաչողությունը բույսերի, կենդանիների նկատմամբ, նա նկատում է բնության մեջ բառացիորեն ամենահետաքրքիր պահերը: Զարմանալի չէ, քանի որ գեղագիտական ընկալման հետ է կապված: Ինչպես ինքն ասաց, յուրաքանչյուրի մեջ դրված է ֆոտոապարատ: Նա նաև նախանձախնդիր է մեր մշակութային ժառանգության նկատմամբ, առիթ եմ ունեցել այդ հարցերով առնչվել, մասնավորապես, երբ Դատախազության շենքն էին փորձում վերանորոգել և առաջարկեցին շատ ավելի ժամանակակից արտաքին տեսք հաղորդել, սակայն դատախազի որոշմամբ՝ շինությունը պահպանեց իր նախկին տեսքը»,- ասաց ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը: Ցուցահանդեսի բացմանը նաև հուշագիր ստորագրվեց այն մասին, որ այս ամբողջ 85 նկարների վաճառքից ստացված հասույթը պետք է փոխանցվի «Առաքելություն Հայաստան» կազմակերպությանը, որն էլ այդ գումարը կտրամադրի Սյունիքի մարզի «Արծվաբույն» ծերանոցին: «Առաքելություն Հայաստան» կազմակերպության նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանն ասաց, որ իրենք բազմաթիվ գործարարների և պաշտոնատար անձանց են դիմել՝ օգնելու համար, և իրենց դիմումին արձագանքել են «Հայկական ծրագրերը» և Աղվան Հովսեփյանը:

Անի Հարոյան

«3 Միլիոն»