Սուքիասյանների ընտանիքը աշխատանքներ է տանում Հայաստանում նավթապահեստարաններ կառուցելու ուղղությամբ։
Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «ՍԻԼ Կոնցեռն» -ի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը։ «Սուքիասյան ընտանիքին պատկանող կազմակերպություններից մեկը 2018 թվականի հունվարից ներմուծում է միջին քանակությամբ Ռոմ, Պետրոլ տեսակի եվրոպական բարձր որակի վառելիք, միևնույն ժամանակ ուսումնասիրվում և աշխատանքներ են տարվում պահեստարանների կառուցման համար»,-ասաց Մկրտչյանը։
Աննա Մկրտչյանից հետաքրքրվեցինք նաև՝ ի՞նչ փուլում են Կասկադից մինչև Հաղթանակի զբոսայգի ձգվող ճոպանուղու կառուցման հարցով քննարկումները, որի մասին խոսվում էր դեռ 2016 թ-ին։ Ի պատասխան Մկրտչյանը նկատեց, որ ճոպանուղու կառուցման վերաբերյալ քննարկումները դադարեցված են։
«Երևանի քաղաքապետարանից ճոպանուղու սկզբնակետի և վերջնակետի համար տարածք չտրվեց»,-ասաց նա։ Հիշեցնենք, որ 2016 թվականին եղավ հրապարակում այն մասին, որ Խաչատուր Սուքիասյանի ֆինանսավորմամբ Երևանում՝ Կասկադից մինչև Հաղթանակ զբոսայգի կառուցվելու է ճոպանուղի, իսկ նախագծային աշխատանքների համար հայ մասնագետները աշխատում են Շվեյցարիայի և Գերմանիայի՝ այդ ոլորտում աշխարհով մեկ հայտնի մասնագետների հետ։
Հավելենք նաև, որ երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը խոսեց Երևանում նոր ճոպանուղու կառուցման ծրագրի մասին: Ըստ Արթուր Մեսչյանի՝ Նորքի զանգվածից դեպի քաղաքի կենտրոն տրանսպորտային կոլապսը լուծելու նպատակով նախատեսվում է կառուցել ճոպանուղի և այժմ բանակցում են երկու՝ իտալական և շվեյցարական ընկերությունների հետ:
Աղավնի Սուքիասյան