ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում և Նախարարների կոմիտեում ՀՀ նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի միջպետական հայց է նախապատրաստում:
-Պարո´ն Կոստանյան, 2004-ից Դուք զբաղվել եք Արցախի ճանաչման իրավական գործընթացով, բացի այդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Նախարարների կոմիտեում ՀՀ ներկայացուցիչն էիք, սակայն Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացներին զուգահեռ հրաժարվեցիք Ձեր լիազորություններից: Այդ ընթացքում ի՞նչ արդյունք գրանցվեց հօգուտ Հայաստանի և բացի այդ, արդյոք նոր Կառավարությունն ունի՞ բավարար չափով պոտենցիալ և կշարունակի՞ կամ պատրա՞ստ է շարունակել այն գիծը, որը Դուք տանում էիք ՄԻԵԴ-ում:
-2004-ից, բացի Եվրոպական դատարանից, նաև Նախարարների կոմիտեում քննարկվել և քննարկվում է Արցախի կարգավիճակից բխող կամ այդ կոնֆլիկտից բխող իրավական կարգավորումների վերաբերյալ բոլոր հարցերը:
Ցավոք, Նախարարների կոմիտեի նիստերը դռնփակ են, և ես չեմ կարող լուսաբանել կամ բացահայտել, թե ինչ արդյունքներ են գրանցվել, բայց վստահ կարող եմ ասել 3 կարևոր կոմպոնենտ, որոնք մենք անժխտելի, որպես փաստ դիտարկեցինք, և ամեն ինչը հիմնված է դրա վրա:
Դա հետևյալն է, որ ցանկացած իրավական լուծում, որը կարող է լինել Արցախի հարցի կարգավորման շուրջ, պետք է ունենա երեք կոմպոնենտ: 1-ին. պետք է բացարձակ առումով երաշխավորված լինի Արցախի ժողովրդի անվտանգությունը, 2-րդ. Արցախի հարցի լուծման կարգավորման ուղիների ճշգրտման մեջ Արցախի ուղղակի մասնակցությունը պետք է լինի: Այսինքն՝ մենք միանշանակ փաստել ենք, որ առանց Արցախի իշխանությունների անմիջական մասնակցության քննարկել որևէ հարց, որը բխում է կամ կապված է Արցախի կոնֆլիկտի հետ, առանց այդ երկրի իշխանության անհնար է, և ամենակարևորը՝ որպեսզի ներդրվեն կրակի բացառման այնպիսի մեխանիզմներ, որոնք կերաշխավորեն անվտանգ մթնոլորտն ու իրավիճակն Արցախում:
Այս երեքն առնվազն փաստված են Նախարարների կոմիտեի շրջանակում:
Ինչ վերաբերում է ներկայիս կառավարության գործելաոճին, ես կառավարության ներկայացուցիչ չեմ, չեմ կարող հստակ պնդել, բայց այն հանգամանքը, որ ես տեսնում եմ, որ ամենաբարձր մակարդակով արվում են հայտարարություններ, դրվում են ձևակերպումներ, ուղղակիորեն համահունչ է այն գծի հետ, որն արդեն ասացի, այսինքն՝ երեք կոմպոնենտները ես տեսնում եմ, որ գործող կառավարությունը տանում է, որն ինձ համար ողջունելի է:
Ամբողջությամբ՝ tert.am