Դուք, հնարավոր է, երկար ժամանակ է՝ չէիք հետևում Քևին-Պրինս Բոատենգի մասին նորություններին, կամ պարզապես մոռացել էիք, որ նման ֆուտբոլիստ գոյություն ունի, իսկ ահա կատալոնական «Բարսելոնան» ոչ միայն չի մոռացել այս ֆուտբոլիստի մասին, այլև հրավիրել է թիմ՝ վարձակալական հիմունքներով:
Վերջին ամիսներին Բոատենգը խաղում է Իտալիայում: Նա իրեն շատ լավ է զգում, հաճախ գոլի հեղինակ է դառնում, թողարկում է տեսահոլովակներ, վայելում է տեղական պաստան և բարկանում է միայն այն դեպքում, երբ խոսքը ռասիզմի մասին է: Սակայն, սա նոր Բոատենգն է, ով փոխվել է և պատրաստ է վերադառնալ մեծ ֆուտբոլ՝ մեծ համբերատարությամբ և սկզբունքներով:
Քևին-Պրինսը պարզապես սիրում է վայելել կյանքը, դա նրա հաջող խաղի բանաձևն է: Ոչ վաղ անցյալում նա վայելում էր ֆուտբոլը համեստ «Լաս Պալմասում», որտեղ ամեն առավոտ նախաճաշում էր Ատլանտյան օվկիանոսի մոտ, և նույնիսկ ձմռանը վայելում էր Կանարյան կղզիների ջերմությունը: «Այստեղ ես արթնանում եմ և անմիջապես տեսնում եմ լույսը: Ես այստեղ հանգիստ եմ զգում, ուստի ամեն ինչ լավ է ֆուտբոլում»,- ասել է Բոատենգը
Այդ մրցաշրջանում Բոատենգը Իսպանիայում իրեն լավագույնս դրսևորեց՝ խփելով մեկը մյուսից գեղեցիկ գնդակներ: Այդ ժամանակ Բոատենգը համոզված էր, որ իր գոլը կլինի լավագույնը, ինքն էլ կմեկնի Ցյուրիխ՝ ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը: Դա նրա երազանքն էր: Սակայն նրան այդպես էլ չհրավիրեցին Ցյուրիխ՝ կարծելով, որ նրա գոլը ավելի շատ թիմային աշխատանքի արդյունք էր, քան անհատական:
Խմել ամեն օր և ծախսել գումարը միայն հաճույքների համար
10 տարի առաջ Բոատենգը չէր ասի, որ ամեն ինչ սկսելու է նորից, այլ պարզապես կնեղանար բոլորից և կգնար բար՝ խմելու:
Այդպիսի իրավիճակ եղավ 2007 թվականին, երբ ֆուտբոլիստը տեղափոխվեց Անգլիա: «Տոտենհեմը» ֆուտբոլիստի համար վճարեց 5.5 միլիոն ֆունտ, սակայն մեկ ամիս անց գլխավոր մարզիչ Մարտին Յոլը հիասթափվեց Բոատենգից և ասաց, որ նրա վրա հույս չի դնում:
«Ես կարծես կանգնել էի ողջ աշխարհի դեմ: Oh, դուք չեք ցանկանում ինձ տեսնել թիմում: Լավ, ուրեմն ես վայելում եմ կյանքը»,- ասել է Բոատենգը:
Քևին-Պրինսը ապրում էր գիշերային ակումբներում: Նա գնում էր ակումբներ շաբաթը 6 անգամ և անհետանում էր մինչև առավոտ՝ օգտագործելով ալկոհոլային խմիչքներ և անորակ սնունդ: «Նման իրավիճակում մարդիկ փորձում են երջանկություն գնել,- բացատրում է ֆուտբոլիստը տարիներ անց: -Ես իմ ողջ գումարը ծախսել եմ աղջիկների, ակումբների, մեքենաների վրա: Ես չէի կարող խաղալ ֆուտբոլ, բայց ես գնեցի Լամբորգինի»:
Այս ընթացքում Բոատենգի քաշը դարձավ 95 կգ: 20 տարեկանում նա կանգնում էր հայելու առաջ և տեսնում էր ծեր մարդու: Ֆուտբոլիստն հասկացավ, որ իրեն պետք է ամբողջական վերականգնում:
15 լիտր ջուր՝ մեկ օրում
Մի քանի ամիս անց Բոատենգի կյանքը փովեց: Նա տեղափոխվեց «Բորուսիա», որտեղ նրա կյանքը փոխեց Յուրգեն Կլոպը՝ «մոլորակի լավագույն մարզիչը, որի համար բոլոր խաղացողները պատրաստ են մահանալ»: Դորտմունդի «Բորուսիայում» Քևին-Պրինսը խաղաց ընդամենը վեց ամիս: Վեց ամսվա վարձավճարից հետո «Տոտենհեմը» պահանջեց 4,5 միլիոն ֆունտ ստեռլինգ, իսկ դա շատ էր:
Ֆուտբոլ վերադառնալու համար Բոատենգը նիհարեց 12 կգ: Նա խմում էր շատ ջուր: Սկզբում նա խմում էր 15 լիտր ջուր, հետագայում՝ ավելի քիչ: Ֆուտբոլիստի խոսքով՝ 15 լիտր ջուրը ավելի լավ էր, քան օրական 2-3 լիտր գազավորված հյութը:
Ուզում էր խաղալ Գերմանիայի հավաքականում, բայց դարձավ գանացի
Մեծ ֆուտբոլ վերադառնալուն օգնեց Աշխարհի 2010 թվականի առաջնությունը: Բոատենգը, սակայն, մասնակցեց առաջնությանը ոչ թե Գերմանիայի հավաքականի կազմում, ինչպես երազում էր, այլ Գանայի հավաքականի հետ:
Քևին-Պրինսը իրեն միշտ համարել է գերմանացի, քանի որ մեծացել է Բեռլինում և միշտ ունեցել է գերմանական անձնագիր: Նա մանկուց ապրել է ավագ եղբոր հետ և խաղացել է Գերմանիայի պատանեկան հավաքականում: Սակայն Գերմանիայի հավաքական հրավիրվեց ոչ թե նա, այլ իրենց երրորդ եղբայրը, ով ապրում էր հոր հետ:
Մի փոքր խաբեց «Միլանին»
Աշխարհի առաջնությունից հետո Բոատենգով հետաքրքրվեց իտալական ակումբը: Արձակուրդից հետո ֆուտբոլիստը պետք է հանդիպեր իտալական ակումբի ղեկավարության հետ: Նա խաբել էր թե՛ իր գործակալին, և թե՛ ակումբի ներկայացուցիչներին, որ արձակուրդների ընթացքում անընդհատ մարզվել է, սակայն մարզումների փոխարեն՝ նա ժամանակ էր անցկացրել ակումբներում:
Որքան էլ զարմանալի է, իտալական ակումբում բուժզննումը շատ լավ արդյունքներ ցույց տվեց, և Բոատենգը կնքեց պայմանագիր:
Անվերջ պայքար ռասիզմի դեմ
Բոատենգին շատերը մեղադրեցին պրոֆեսիոնալ չլինելու մեջ այն բանից հետո, երբ նա ինքնակամ լքեց դաշտը ընկերական խաղի ընթացքում: Բոատենգի նյարդերը տեղի էին տվել այն բանից հետո, երբ երկրպագուները անընդհատ ռասիստական վանկարկումներ էին արել: Ֆուտբոլային հասարակությունում այս քայլը դիտարկվեց ոչ պրոֆեսիոնալ, սակայն դա շատ օգնեց ռասիզմի դեմ պայքարում:
Ֆուտբոլիստին պարբերաբար հրավիրում են տարբեր կազմակերպություններ՝ խոսելու ռասիզմի ու դրա դեմ պայքարելու անհրաժեշտության մասին:
Քևին-Պրինսը ռասիզմը համեմատեց մալարիայի հետ՝ այն անվանելով վտանգավոր և վարակիչ վիրուս, որի դեմ բավարար չէ պայքարել «պարզ դեղամիջոցներով»: Նա անգամ ելույթ ունեցավ ՄԱԿ-ում և դարձավ ռասիզմի դեմ պայքարող աստղային ներկայացուցիչ:
Հիմա Բոատենգը 31 տարեկան է և չի բացառում, որ ապագայում խորհուրդներ կտա երիտասարդ խաղացողներին:
Ֆուտբոլիստը նշում է, որ երիտասարդներին շատ է պետք օգնություն, քանի որ շուրջբոլորը գործակալներ են, ովքեր մտածում են արագ գումարի մասին: Իսկ ֆուտբոլիստները երբեք էլ չեն փայլել մաթեմատիկական գիտելիքներով:
Հիմա Բոատեգը փոխվել է, և որպես արդյունք՝ արդեն իսկ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է: Նա ասում է, որ շարունակում է համառորեն աշխատել և ամեն անգամ հին լուսանկարները դիտելիս հիշում է, թե որքան հիմար է եղել ինքը:
Քևին-Պրիս Բոատենգը դեռ երազում է ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը հրավիրվելու մասին: Գուցե դա նրան հաջողվի արդեն կատալոնական ակումբի կազմում:
Սիրարփի Աղաբաբյան