Կարինե Հարությունյան. «Մեր գաղտնիքը այստեղ է. կյանքի և մահվան միջև»
Advertisement 1000 x 90

Կարինե Հարությունյան. «Մեր գաղտնիքը այստեղ է. կյանքի և մահվան միջև»

Լրագրող Կարինե Հարությունյանի գրառումը. «Բանակը…

Բանակը ինձ համար ծնվեց 1988-ին, երբ սովետական զորքի դեմ պիկետ էինք անում, Օպերայի պատերի տակ քնում էինք, երբ Լենինի հատորները Բաղրամյանում դրել էինք սովետական տանկերի հանդիման:

Բանակի ստեղծման գիտակցությունը այն օրը եկավ, երբ Զվարթնոցում սովետական զորքը պատժիչ գործողություններ իրականացրեց ցուցարար ժողովրդի նկատմամբ, առաջին զոհն ունեցանք՝ Խաչիկ Զաքարյանին, ու ջոկատներ ստեղծելու միտքը կամաց-կամաց տղաների մոտ ձեւավորված գաղափար դարձավ: Հայոց բանակի առաջին ծիլերը այդ օրերին հայտնվեցին:

Բանակի կազմավորման ճանապարհին շատ ընկերներ կորցրեցի, բազմաթիվ լուսավոր տղաներ զոհվեցին, փառք ու պատիվ նրանց:
27 տարվա մեջ շատ բան չի փոխվել մեր ժողովրդի մեջ՝ ոգու ամրության առումով: Ապրիլյան պատերազմի հերոսների պատմությունները կարծես Արցախյան ազատամարտում կռված-զոհված-հաշմվածների ապրածի-ոգու կրկնությունը լինեին: Սա նշանակում է, որ ժողովրդի՝ իր սեփական երկիրը պաշտպանելու կամքը չի թուլացել-թուլանում: Մենք զարմանալի տեսակ ենք, խաղաղ ժամանակ կարող է իրար ուտենք, բայց երբ երկրին վտանգ է սպառնում, իրար կողքի ենք հայտնվում: Մեր գաղտնիքը այստեղ է. կյանքի եւ մահվան միջեւ»:



Նման նյութեր