Դերասանուհի Էվա Խաչատրյանն աշնանը շատ անելիքներ ունի: Սեպտեմբերի 15-ին սկսվում է Երևանի պետական կամերային թատրոնի նոր թատերաշրջանը: Armtimes.com-ի հետ զրույցում դերասանուհին նշեց, որ զբաղված է թատրոնի մի քանի ներկայացումներում:
«Խաղում եմ «Շոու N3», «Ալբանի +», «Կառավարական համերգ», «Սկոտչ և վիսկի» ներկայացումներում»,- ասաց նա:
Ընդամենը 5 օր է հանգստացել, սակայն հասցրել է թարմ ուժեր հավաքել աշխատանքի համար: Այժմ թատրոնում փորձերի շրջան է, ինչից Էվան մեծ հաճույք է ստանում:
«Արդեն 1 ամիս է, ինչ շատ ինտենսիվ աշխատանքային ու փորձերի շրջան է: Կենդանացնում ենք ներկայացումները, որոշակի փոփոխություններ ենք անում: Ունենք վոկալի և պարի դասեր հրաշալի, տաղանդավոր ու փորձառու մասնագետների հետ, որոնք այսուհետ միշտ աշխատելու են մեզ հետ»,- ասաց նա:
Մի շարք հեռուստանախագծերից հայտնի դերասանուհին նոր եթերաշրջանում կրկին կհայտնվի հեռուստաէկրաններին:
«Շուտով նորություն կունենամ, բայց փակագծերը դեռ չեմ բացի, փակ ինֆորմացիա է: Շուտով այդ մասին կխոսեմ»,- ասաց նա:
Մոտ մեկուկես ամիս արձակուրդից հետո (ինչպես բոլոր թատրոններում) Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում վերսկսվում է «Պլյուս-մինուս» ներկայացումը, որում Էվան մարմնավորում է կանացի կերպարները: Նա թեպետ չի անհանգստանում այնպես, ինչպես պրեմիերայի ժամանակ, սակայն հուզմունքը միշտ կա: Դա, ըստ նրա, պարտադիր է և կարևոր:
«Յուրաքանչյուր բեմելից առաջ էլ հուզմունք կա: Դա անփոփոխ զգացում է դերասանի համար: Եթե այն չկա, ուրեմն անտարբեր ես դարձել ու մեխանիկորեն ես կատարում աշխատանքդ, բայց ամեն դեպքում հուզմունքն անցնում է բեմ դուրս գալուց 1-2 րոպե անց»,- ասաց նա:
Դերասանուհին կարծում է, որ «Պլյուս-մինուսը» կարևոր առանձնահատկություններ ունի, որոնց շնորհիվ տարբերվում է նմանատիպ ներկայացումներից:
«Սուր սցենարով, շատ դիպուկ կերպով իրականությանն անդրադարձող՝ հասարակության ու մեր օրերի բացերի՝ մինուսների մասին խոսող ներկայացում է՝ ասելիքով լեցուն: Տարբերվում է դերասանական կազմով (ժպտում է), հոգով, ասելիքով»,- ասաց նա:
Դերասանուհին նշեց նաև, որ շատ կուզենար «Պլյուս-մինուսի» վերաբերյալ կառուցողական դիտողություններ լսել հանդիսատեսի կողմից, սակայն ինչպես սովորաբար է լինում, հնչում են միայն գովեստի խոսքեր և անհիմն քննադատություններ: