Այսօր՝ հունվարի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մարգարայի խճուղում բախվել են Toyota Land Cruiser մակնիշի 75 AD 555 համարանիշի և Mercedes մակնիշի 34 L 437 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահան Էվինյանը։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նույն վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից երկուսին քաղաքացիներն են տեղափոխել, իսկ մեկին՝ շտապօգնության ավտոմեքենան։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գւոմարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ Ժամանել է նաև «Ռոսգոստրախ» ընկերության ներկայացուցիչը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: