Ֆրանսիացի լեռնագնաց Ալեն Ռոբերը, որը հայտնի Է որպես «սարդ-մարդ», հունվարի 29-ին ձերբակալվել Է այն բանից հետո, երբ նա երկնաքեր Է բարձրացել Ֆիլիպինների մայրաքաղաքային տարածաշրջանում գտնվող Մակատի քաղաքում: Այդ մասին հայտնել Է Philippine Daily Inquirer թերթը:
Նրա տվյալներով՝ Ռոբերը բարձրացել Է ավելի քան 217 մետր բարձրություն ունեցող G.T. International Tower երկնաքերի վրա, որը մտնում Է երկրի ամենաբարձր շենքերի տասնյակի մեջ: Ֆրանսիացին աշտարակի «սանձահարումն» սկսել Է տեղական ժամանակով մոտավորապես 10:40-ին (Երեւանի ժամանակով 06:40-ին): Սարդ-մարդին դիտելու համար հավաքվել Էր մոտավորապես 500 մարդ:
Վերելքի ավարտին լեռնագնացին սպասում Էր ոստիկանությունը, որը նրան տեղափոխել Է բաժանմունք: Ինչպես հաղորդում Է CNN հեռուստաալիքը, Ռոբերին կարող են մեղադրանք առաջադրել անօրինական ներթափանցման եւ հասարակական կարգի խախտման համար: «Սարդ-մարդն» ինքը հայտարարել Է, որ իրեն չի հաջողվել ավարտել վերելքը, քանի որ մինչեւ շենքի գագաթը մնացել Էր մեկ մետրից ավելի: Հոկտեմբերին բրիտանական դատարանը Ռոբերին չորսուկես ամսվա բանտային կալանքի Էր դատապարտել Լոնդոնի-Սիթիի Heron Tower 230-մետրանոց երկնաքերը բարձրանալու համար՝ պատժի կրումը հետաձգելով երկու տարով:
Ռոբերն առանց ապահովագրման եւ հատուկ հանդերձանքի երկնաքերների նվաճման գործում ունեցած ձեռքբերումների համար ավելի վաղ հայտնվել Է Գիննեսի ռեկորդների գրքում: Նա աչքի Է ընկել աշխարհի ամենաբարձր շինությունները կատարած վերելքներով: «Մարդ-մարդը» նվաճել Է Պետրոնաս աշտարակները Քուալա-Լումպուրում, տարբեր երկրների բանկերի գրասենյակները, Մոսկվայի պետհամալսարանի գլխավոր շենքը եւ աշխարհի ամենաբարձր շենքը՝ «Բուրջ-Խալիֆա» երկնաքերը Դուբայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: