Թվում էր, թե ՊԵԿ-ում շքեղ պարգևատրումների ու հավելավճարների մասին հրապարակումից հետո այդ կառույցի աշխատողները պետք է դժգոհեին, թե «չեք թողնում մարդիկ աշխատեն»։ Այնինչ, աշխատողները ևս դժգոհում են պարգևատրումներից։
Պարգևատրումների մասին նյութի հրապարակումից և հատկապես՝ ՊԵԿ նախագահի արձագանքից հետո, որն ավելի շատ հաստատում էր, ստանում ենք բազմաթիվ նամակներ ՊԵԿ ներկա, նախկին աշխատողներից ու աշխատանքի համար քննության մասնակիցներից։
Ընդունենք, որ մեկ շաբաթում ստացած 17 նամակն ու հեռախոսազանգը խոսում է խորը դժգոհության մասին։
Նախ՝ ՊԵԿ նախագահի հայտարարությունից հետո, թե կառույցում բոլորը պարգևատրվել են, առաջացրել է հատկապես Արարատյան մաքսատան աշխատողների զայրույթը։
Մեկ այլ աշխատողի ահազանգի համաձայն, Ամանորի համար ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ղեկավարության կողմից շարքային աշխատակիցներին տրվել է «Օհանյան» օղի, կոնյակ և անորակ չիր։ Պարզվում է՝ ՊԵԿ պաշտոնատար անձինք այստեղ էլ են ունեցել իրենց անձնական շահը։ Պետական գնումներով մրցույթ չհայտարարելու համար, ինչպես նաև արհմիության գումարներից ևս շահույթ ստանալու նպատակով ՊԵԿ-ի արհեստակցական կազմակերպության կողմից գնվել է 36 մլն դրամի «Օհանյան» օղի և կոնյակ, որի արտադրողն է «Արցախ բրենդի կոմպանի» ընկերությունը, ընդհանուր՝ թվով 6460 շիշ «Արբեն» ՍՊԸ-ից և 9մլն 700 հազար դրամի չիր «Մարգրուպ» ՍՊԸ-ից՝ 3230 տուփ, յուրաքանչյուրը՝ 1կգ։ Չիրը, լինելով անորակ, մեծ դժգոհություն է առաջացրել ՊԵԿ-ի շարքային աշխատակիցների մոտ։ Վերոհիշյալ գործարքների հովանավորը, ըստ նամակի հեղինակի, ՊԵԿ-ի գլխավոր քարտուղար էդգար Գևորգյանն է, որի հորեղբոր տղան հանդիսանում է «Արցախ բրենդի կոմպանի» ընկերության մենեջերը:
Ժամանակն է, որ մեր գերատեսչությունները, ոչ թե շտապեն հերքել՝ առավել ևս լրատվամիջոցին մեղադրել ստի մեջ, այլ ականջալուր լինեն իրենց գործելաոճի նկատմամբ թե՛ հանրության վերաբերմունքին, թե՛ իրենց իսկ աշխատակիցների արձագանքներին։ Լրատվամիջոցների հետ գործընկերային շփումը ևս չափազանց կարևոր է, եթե, իհարկե, սկզբունք կա աշխատել ավելի արդար և թափանցիկ, քան նախկինում էր։