Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի վերականգնողական փուլը շարունակվում է, դեռևս հստակ ժամկետներ չկան, թե մեր ըմբիշը երբ նորից կմասնակցի մրցաշարերի:
Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում հայտնել է Օլիմպիական չեմպիոնի հայր և անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանը:
«Բուժումները շարունակվում են, և ընթացքում էլ նա շարունակում է թեթև մարզումները: Մարզավիճակ պահպանելու համար նա չի դադարեցնում մարզումները: Սակայն մարզումները բժշկի վերահսկողության ներքո են»,- ասել է Ալեքսանյանը: Վերջինիս խոսքով` ոչ մեկին դեռևս հայտնի չէ, թե Օլիմպիական խաղերի չեմպիոնը երբ կվերադառնա գորգ:
«Հաջորդ շաբաթ Արթուրը պետք է նորից հետազոտվի: Ճողվածքները շատ են: Բայց նա իրեն լավ է զգում»,-եզրափակել է Գևորգ Ալեքսանյանը «Արմենպրեսի» հետ զրույցում:
Արթուր Ալեքսանյանը ԱՄՆ-ում բուժվում է 2018 թվականի դեկտեմբերից: