ԱՄՆ-ի Միջին Արևմուտքում հաստատված սաստիկ ցրտերը հանգեցրել են հազարից ավելի չվերթերի չեղարկման, քանի որ օդանավակայանների աշխատակիցները չեն կարողանում էքստրեմալ ջերմաստիճանի պայմաններում նախապատրաստել թռիչքների իրականացումը: Այդ մասին հունվարի 30-ին հայտնել է CNN-ը:
United Continental ավիաընկերությունը չեղարկել է Չիկագոյի Օ՛Հարա օդանավակայանից պլանավորված 600 չվերթերի շուրջ 80 տոկոսը. այս միջոցը գործում է հունվարի 29-ից մինչև հունվարի 30-ի առավոտ: Southwest Airlines-ը, որը բազավորվում է Չիկագոյի մյուս՝ Միդուեյ օդանավակայանում, չեղարկել է ավելի քան 700 չվերթ: American Airlines-ը հայտնել է հունվարի 29-ին 225 և հունվարի 30-ին՝ 185 չվերթերի չեղարկման մասին: Օդերևութաբանների տվյալներով՝ Չիկագոն և մերձակա մյուս քաղաքներն արկտիկական ցիկլոնի պատճառով դիմագրավում են վերջին տասնամյակի ընթացքում ռեկորդային ցրտերին: Սառնամանիքներն այստեղ հասնում են Ցելսիուսի մինուս 45 աստիճանի (հաշվի առնելով ուժեղ քամին): Նման ջերմաստիճանի և սաստիկ քամու պայմաններում մաշկի բաց մասերը կարող են ցրտահարվել արդեն հինգ րոպեում, նախազգուշացնում է ԱՄՆ-ի Ազգային օդերևութաբանական ծառայությունը:
«Մեր աշխատակիցները չեն կարող երկար աշխատել նման պայմաններում»,- հայտարարել է United Continental-ի փոխնախագահ Ջիմ Դեյոնգը: Նրա խոսքով՝ բեռնակիրները և մյուս աշխատակիցները միմյանց փոխարնելով աշխատում են մի քանի րոպե, որպեսզի խուսափեն ցրտահարվելուց: ԱՄՆ-ում հաստատված ցրտերի պատճառով սառել է Նիկարագուայի ջրվեժը, իսկ Չիկագոյի նշանավոր Բրուքֆիլդի կենդանաբանական այգին չորրորդ անգամ է փակվել իր գրեթե մեկդարյա պատմության մեջ: